Փարիզի մրցաշարում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները 4 մեդալ նվաճեցին

Փարիզում ավարտվեց ըմբշամարտի տարեսկզբյան ներկայացուցչական միջազգային 4-րդ մրցաշարը, որին մասնակցեցին 25 երկրի ուժեղագույն ըմբիշներ:

Մրցումային առաջին օրը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ հանդես եկած երեք ըմբիշներն էլ մրցանակակիր դարձան: Բոլոր մրցակիցներին պարտության մատնած Կարպետ Չալյանն ու Մաքսիմ Մանուկյանը հավասարը չունեցան 75 կգ և 85 կգ քաշային կարգերում, իսկ 71 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Ռաֆայել Ալեքսանյանն արժանացավ բրոնզե մեդալի։ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ) մրսածության պատճառով չկարողացավ պայքարի դուրս գալ։

ՀԸՖ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ մրցումային երկրորդ օրը հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում խաղարկվեցին չորս՝ 59 կգ, 66 կգ, 80 կգ և 130 կգ քաշային կարգերի պարգևները: 66 կգ քաշային կարգի 20 մարզիկների պայքարին հայազգի 3 ըմբիշ մասնակցեց: Վերջիններիս թվում էր երիտասարդների 2013 թվականի աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը, ով փայլուն 3 վստահ հաղթանակ տոնելով՝ դուրս եկավ եզրափակիչ, իսկ վճռորոշ գոտեմարտում 4:1 հաշվով առավելության հասավ լեհ ըմբիշ Մաթեուշ Բերնատեկի նկատմամբ և արժանացավ ստուգատեսի ոսկե մեդալին:

59 կգ քաշային կարգի 12 ըմբիշների մրցավեճին մասնակցեց Գևորգ Ղարիբյանը, սակայն 1/8 փուլում 10:0 հաշվով ամերիկացի Յակոպո Սանդրոնի նկամամբ համոզիչ հաղթանակ տոնելուց հետո, քառորդ եզրափակչում համառ պայքարում 4:6 հաշվով զիջեց ղազախստանցի Բագիլան Զականշային: Վերջինս էլ կիսաեզրափակչում 1:9 հաշվով պարտվեց հայրենակից Միրամբեկ Այնալուգովին:

Այսպիսով, Փարիզի ստուգատեսում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարին մասնակցած Հայաստանի 5 ըմբիշները տուն են վերադառնում 4 պարգևով՝ 3 ոսկե և 1 բրոնզե մեդալ նվաճած:

Հետևեք մեզ նաև Telegram-ում