Պաշտոնական. Ֆրենկ Լեմպարդն ավարտեց կարիերան (տեսանյութ)

Անգլիայի հավաքականի ու «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

«Անհավանական 21 տարիներից հետո որոշեցի, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու համար սա ճիշտ պահն է: Անգլիայում և արտասահմանում խաղալու մի շարք գայթակղիչ առաջարկներ եմ ստացել, բայց 38 տարեկանում հասկանում եմ, որ իմ կյանքում նոր փուլ սկսելու ժամանակն է:

Շատ հպարտ եմ իմ նվաճած տիտղոսներով, Անգլիայի հավաքականի կազմում հարյուրից ավելի խաղեր անցկացնելով, ինչպես նաև կարիերայիս ընթացքում 300-ից ավելի խփած գոլերով: Պետք է շատ մարդկանց շնորհակալություն հայտնեմ: Շնորհակալ եմ ծնողներիս, ովքեր սովորեցրել են ամենօրյա համառ աշխատանքի արժեքները, իմ գործի նկատմամբ հավատարմությունը և պրոֆեսիոնալիզմը: Այդ իդեալներն ինձ հետ են եղել իմ ողջ կյանքում: Աջակցության համար հավերժ շնորհակալ կլինեմ ընտանիքիս՝ կնոջս Կրիստինին ու աղջիկներիս՝ Լունային ու Այլային:

Նաև շնորհակալ եմ ընկերներիս ու իմ թիմին: Դա վերաբերվում բոլոր արտակարգ թիմակիցներիս, մարզիչներիս ու մյուս անձնակազմին: Ցանկանում եմ արժանին մատուցել այն ակումբներին, որոնց կազմում խաղացել եմ: Առաջին հերթին դա «Վեսթ Հեմն» է, որտեղ 1996 թվականին տեղի է ունեցել իմ նորամուտը: Շնորհակալ եմ մարդկանց, ովքեր հավատացին ինձ, երբ այդքան երիտասարդ էի: Վերջին ակումբներս «Մանչեսթեր Սիթին» ու «Նյու Յորք Սիթին» են: Մեծ հաճույք ստացա կարիերայիս վերջին տարիներից:

Իհարկե, իմ սրտի ամենամեծ մասը պատկանում է «Չելսիին»: Այդ ակումբն ինձ անհաշվելի հիանալի հիշողություններ է պարգևել: Երբեք չեմ մոռանա միասին հասած հաջողությունները: Անհնար է անձամբ բոլորին շնորհակալական խոսք ասել, ովքեր օգնել են ինձ և աջակցել ակումբի կազմում անցկացրած այդ 13 տարիների ընթացքում: Հավերժ շնորհակալ կլինեմ բոլորին: «Չելսիի» երկրպագուներն ինձ ու իմ թիմակիցներին անհավանական աջակցություն են ցուցաբերել:

Ապագային նայելով՝ երախտապարտ եմ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիային մարզչի դասեր ու որակավորում ստանալու հնարավորություն ընձեռելու համար: Անհամբեր սպասում եմ հնարավորություններին, որոնք իմ առջև կբացի այս որոշումս»,- Instagram-ի իր էջում գրել է անգլիացին:

Լեմպարդն իր կարիերայի ընթացքում մեկական անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի հաղթող, Անգլիայի եռակի չեմպիոն, չորս անգամ նվաճել է Անգլիայի գավաթը, երկուական անգամ՝ Անգլիայի լիգայի գավաթն ու Սուպերգավաթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում