«Ալաշկերտը» պարտվել է առաջին ստուգողական խաղում

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել Անթալիայում, մրցակիցը Ռուսաստանի առաջին դիվիզիոնը ներկայացնող «Տոսնո» թիմն էր:

«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմը խաղասկզբում երկու կոպիտ սխալ է թույլ տվել պաշտպանությունում և արդեն 15-րդ րոպեի դրությամբ պարտվել 0:2 հաշվով: Հետագայում Արամ Ոսկանյանի սաները տիրել են նախաձեռնությանը, հաջողությանը մոտ են եղել Միհրան Մանասյանը, Արտակ Եդիգարյանը, թիմում փորձաշրջան անցնող սերբ կիսապաշտպան Ուրոշ Նենադովիչը, սակայն հաշիվը չի փոխվել: Խաղի ընթացքում գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը խաղադաշտ է դուրս բերել հավաքին մասնակցող բոլոր ֆուտբոլիստներին:

Հաջորդ ստուգողական խաղն «Ալաշկերտը» կանցկացնի փետրվարի 6-ին։ Նախապես պլանավորված մրցակից՝ Ռուսաստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող Սամարայի «Կռիլյա Սովետովը» որոշել է չմասնակցել հանդիպմանը՝ պատճառաբանելով ֆուտբոլիստների վնասվածքները: Փոխարենն «Ալաշկերտը» կխաղա Սերբիայի Սուպեր Լիգան ներկայացնող «Նապրեդակ» թիմի հետ: Կրուշևացա քաղաքի այս թիմը Սերբիայի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է չորրորդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում