Հենրիխ Մխիթարյան. Վացկեն մոռացել է` «Բորուսսիայի» համար ինչեր եմ արել

Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական «Sport Bild»-ին տված հարցազրույցում խոսել է Դորտմունդի «Բորուսսիայից» հեռանալու և դրա հետ կապված այլ թեմաների շուրջ:

2016 թվականի ամռանը՝ երեք տարի Դորտմունդում անցկացնելուց հետո, 28-ամյա ֆուտբոլիստը 42,5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է անգլիական գրանդ:

««Մանչեսթեր Յունայթեդն» ինձ համար միշտ էլ աշխարհի ուժեղագույն թիմերից մեկն է եղել: «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի մեծ ակումբ է, քան «Բորուսսիան»: Բոլորը դա գիտեն, դուք էլ պետք է ընդունեք, որ այդպես է»,- ասել գերմանական թիմի նախկին ֆուտբոլիստը։

«Բորուսսիայի» շատ երկրպագուներ մինչ օրս Հենրիխին չեն ներել այդ տրանսֆերի պատճառով, իսկ ոմանք նշում են, որ նա Անգլիա է մեկնել մեծ գումարներ վաստակելու համար:

«Չեմ կարող նրանց հասկանալ: Միայն կարող եմ ասել, որ դա այդպես չէ: Եթե ես փողերի հետևից ընկնեի, ապա ժամանակին Դոնեցկի «Շախտյորից» կտեղափոխվեի «Անժի», այլ ոչ թե «Բորուսսիա»»:

Մխիթարյանն ավելացրել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունն ու Ժոզե Մոուրինյուի ղեկավարությամբ խաղալը բացառապես մարզական նպատակներ է հետապնդել:

«Չէի կարող այդ հնարավորությունը բաց թողնել: Կյանքը շատ կարճ է, որպեսզի նման հնարավորություններն աչքաթող արվեն: Ցանկանում եմ տարիներ անց կարիերայիս հետհայացք գցելով հասկանալ, որ ամեն ինչ ճիշտ եմ արել ու ոչինչ չէի փոխի»,- ասել է Մխիթարյանը։ 

2015-16թթ․ մրցաշրջանում Մխիթարյանը դարձել էր Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ և իրեն հիանալի էր դրսևորել թիմի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի գլխավորությամբ: Այնուամենայնիվ, Հենրիխը վստահություն է հայտնել, որ Դորտմունդից հեռանալու պահը ճիշտ էր ընտրված․

«Ինձ համար եկել էր հեռանալու և նոր մարտահրավեր ընդունելու ժամանակը»:

Հայաստանի հավաքականի ավագը նաև նշել է, որ հիասթափվել էր «Բորուսսիայի» ղեկավարության գործողություններից, որոնք ակումբի զարգացման հստակ ծրագիր չունեին: Նա նաև պատասխանել է դորտմունդցիների մարզական տնօրեն Հանս Յոահիմ Վացկեի մեղադրանքներին, ով Գերմանիայի գավաթի եզրափակչում «Բավարիայից» կրած պարտությունից հետո Մխիթարյանին, ով չէր ցանկացել 11-մետրանոց հարվածաշարում մոտենալ նշակետին, մեղադրել էր վախկոտության մեջ․ 

«Վացկեն հավանաբար մոռացել էր, թե ամբողջ մրցաշրջանի ընթացքում ինչեր էի արել թիմի համար»:

Վերջում կիսապաշտպանը կարծիք է հայտնել ռուրյան ակումբի ներկայիս թիմի մասին:

««Բորուսսիան» երիտասարդ թիմ է, որին մեծագույն մարզիչ է ղեկավարում: Նրանք ահռելի պոտենցիալ ունեն և հետագայում կարող են լուրջ հաջողությունների հասնել»,- խոսքը եզրափակել է Հենրիխ Մխիթարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում