Գոլային հրավառություն «Էտիհադում»․ «Մանչեսթեր Սիթի»-«Մոնակո»՝ 5։3 (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Սիթի»-«Մոնակո» առաջին հանդիպումը գոլառատ ստացվեց․ «քաղաքայինները» 5։3 հաշվով հաղթանակ տոնեցին։

«Էտիհադում» կայացած հանդիպման հաշիվը բացեցին դաշտի տերերը․ 26-րդ րոպեին աչքի ընկավ Ռահիմ Սթելինգը։ Նախքան ընդմիջում հյուրերը ոչ միայն կարողացան վերականգնել հավասարությունը, այլև առաջ անցնել․ 32-րդ և 40-րդ րոպեներին աչքի ընկան Ռադամել Ֆալկաոն և Կիլիան Մբապեն։

Երկրորդ կեսի մեկնարկում Ֆալկաոն կարող էր հաշիվը 1։3 դարձնել, սակայն չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը։ 58-րդ րոպեին Սերխիո Ագուերոյի շնորհիվ «Սիթին» վերականգնեց հավասարությունը, սակայն 3 րոպե անց Ֆալկաոյին հաջողվեց դուբլ ձևակերպել։ Խաղի մնացած ժամանակահատվածում աչքի ընկան միայն Խոսեպ Գվարդիոլայի սաները․ Ֆալկաոյի օրինակով դուբլ ձևակերպեց Ագուերոն, ապա գոլեր խփեցին Ջոն Սթոունզը և Լերոյ Սանեն։

Պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 15-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ

«Մանչեսթեր Սիթի» – «Մոնակո»՝ 5։3
Գոլերը՝ Սթերլինգ 26՛, Ագուերո 58՛, 71՛, Սթոունզ 77՛, Սանե 82՛ – Ֆալկաո 32՛, 61՛, Մբապե 40՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Ֆալկաո 50՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում