Վալտեր Պողոսյան. Հայաստանում ինձ այլ թիմում չեմ պատկերացնում

«Բանանցի» կիսապաշտպան Վալտեր Պողոսյանը Sport.Times.am-ի հետ զրույցում խոսել է թիմի վերջին հավաքի, երևանյան ակումբի նպատակների և իր կարիերայի լավագույն խաղերի մասին։

-Ինչպե՞ս անցավ Անթալիայում հավաքը:

-Առաջին հերթին հավաքը խաղային էր: 5 հանդիպում անցկացրեցինք, որ մարզիչը գործի մեջ տեսնի ֆուտբոլիստներին: Ճիշտ է, նա բոլորիս լավ է ճանաչում, սակայն այդ խաղերի շնորհիվ հնարավորություն ստացավ ավելի ճիշտ կողմնորոշվելու հիմնական կազմի շուրջ: Թիմում շատ են երիտասարդ խաղացողները, ովքեր իրենցից հասանելի ամեն ինչ անում են: Ամեն ինչ նորմալ հունով է ընթանում:

Ստուգողական երկու մրցավեճերում դուք մեկնարկային կազմում էիք ընդգրկված: Այդ խաղերն ինչպե՞ս անցան թիմի ու անձամբ Ձեր համար:

-Ինձ համար մի քիչ անսովոր է, որովհետև նոր դիրքում եմ խաղում` աջ պաշտպանի դիրքում: Փորձում եմ ամեն ինչ անել, որ թիմին օգուտ տամ: Կարելի է ասել ստացվում է:

-Մարզիչն ի՞նչ առաջադրանքներ է տալիս և որքանո՞վ է հաջողվում դրանք իրագործել:

-Ժամանակակից ֆուտբոլում եզրային պաշտպանները շատ են միանում գրոհին: Մեր մարզիչը պահանջում է նույնկերպ գործել, իսկ պաշտպանվելիս ժամանակին նահանջել: Շատ կարևորվում է պաշտպանությունից հարձակում և հակառակը կատարվող անցումները ճիշտ անել:

-Ձեր կարիերայի ընթացքում հիմնականում գործել եք կիսապաշտպանի և եզրային հարձակվողի դիրքում: Հե՞շտ է ստացվում պաշտպան դառնալը։

-Նախկինում մի քանի անգամ գործել եմ եզրային պաշտպանի դիրքում: Նոր դերին հարմարվելուն օգնում է այն, որ նախկինի պես աջ եզրով միանալու եմ գրոհներին:

-Նշեցիք, որ ընկերական խաղերը մարզչին օգնեցին կողմնորոշվել հիմնական կազմի շուրջ: Դուք առաջնության վերսկսման ժամանակ համարվելո/ւ եք մեկնարկային կազմի խաղացող:

-Դեռ չեմ կարող ասել: Առջևում այլ ստուգողական խաղեր էլ կան: Անթալիայում յուրաքանչյուրին իրեն դրսևորելու հնարավորություն տրվեց: Երկու հանդիպման ես մասնակցեցի, երկու խաղի ուրիշ ֆուտբոլիստ (Հակոբ Համբարձումյանը-խմբ.): Այդ հանդիպումների, ինչպես նաև մարզումների ժամանակ իրեն ավելի լավ դրսևորած ֆուտբոլիստն առաջնությունում հանդես գալու հնարավորություն կստանա:

-«Բանանցի» հետ օրերս նոր պայմանագիր կնքեցիք: Պաշտոնական հայտարարությունում ժամկետը նշված չէր: Որքա՞ն ժամանակով է այն նախատեսված:

-Մինչև 2018 թվականի մայիսի վերջ:

– Բանակցություններ ընթացե՞լ են, թե՞ միանգամից ընդունեցիք առաջարկը:

-Իմ նախորդ պայմանագրի ժամկետը սպառվել էր 2016 թվականի հոկտեմբերին: Դրանից հետո երկար ժամանակ վնասվածք ունեի: Նախապատրաստական փուլի ընթացքում կարողացա մասնակցել թիմի հավաքներին, և ակումբը որոշեց ինձ հետ նոր պայմանագիր կնքել: Շատ շնորհակալ եմ «Բանանցին»: Ամեն ինձ կանեմ, որ թիմին օգուտ տամ, բոլոր պահանջները կկատարեմ: Այս ակումբը հարազատ է ինձ համար և Հայաստանում ինձ այլ թիմում չեմ պատկերացնում:

-Ակումբում վերջին ամիսներին լուրջ փոփոխություններ են կատարվել: Նոր մարզիչ, նոր ֆուտբոլիստներ: Ինչպիսի՞ ֆուտբոլ է խաղում «նոր» «Բանանցը»:

-Հիմա ավելի շատ ենք գնդակին տիրում: Խաղում ենք կարճ ու միջին փոխանցումներով: Պաշտպանությունից փորձում ենք դուրս գալ եզրերով…

-Իսպանացի մարզիչների ժամանակ այդպես չէ՞ր:

-Այն ժամանակ խաղեր կային, որ այդպես չէինք գործում: Տակտիկական տեսանկյունից փոփոխություններն այն է, որ այն ժամանակ երբեմն 5 պաշտպանով էինք խաղում, ավելի զգույշ գործում: Ինձ ավելի հոգեհարազատ է ներկայիս խաղաոճը: Բացի այն, որ ավելի շատ ենք հարձակվում, նաև ավելի քիչ ենք պաշտպանվում, իսկ առանց գնդակ խաղալը դժվար է:

-Իսկ ինչո՞վ է «Բանանցը» տարբերվելու մյուս թիմերից:

-Ագրեսիվությամբ: Ագրեսիվ ֆուտբոլ ենք խաղալու:

-Հիմնականում երիտասարդներով կազմված ներկայիս «Բանանցն» ի՞նչ պոտենցիալ ունի:

-Մեր երիտասարդ ֆուտբոլիստները շատ խոստումնալից են, մեծ պոտենցիալ ունեն: Մենք` ավելի փորձառուներս պետք է այնպես անենք, որ նրանք ձգտում ունենան, պայքարեն իրենց տեղի համար և մեզնից դրական բաներ սովորեն:

-Ե՞րբ երիտասարդներից լուրջ արդյունք սպասել:

-Թիմն աստիճանաբար ձևավորվում է: Այս պահին դժվար է հաջողության հասնել, որովհետև մրցաշարային աղյուսակում զգալիորեն զիջում ենք առաջատարին, սակայն լավագույն եռյակ մտնելու նպատակ ունենք: Առաջիկա մի քանի տարում կարող եք «Բանանցից» լուրջ արդյունքներ ակնկալել: Ճիշտ է, այս պահին թվում է, թե Հայաստանի Գավաթը պետք է մեզ համար առաջնային լինի, սակայն եռյակ մտնելն էլ շատ կարևոր է, որովհետև «Բանանցն» այն թիմը չէ, որ մրցանակային տեղ չգրավի:

-Թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն ինչպիսի՞ մասնագետ է:

-Ոսկանյանի համար առաջնահերթը կարգապահ լինելն է: Նա այդ գործոնին մեծ ուշադրություն է դարձնում, ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս: Նա նաև պահանջկոտ է, ինչը շատ կարևոր է ֆուտբոլիստի համար:

-Տիտո Ռամալյոն պահանջկո՞տ չէր:

-Ռամալյոն նույնպես պահանջկոտ էր, բայց ոչ Ոսկանյանի պես:

-Դուք 24 տարեկան եք, սակայն ներկայիս «Բանանցի» կազմում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն եք: Ո՞րն եք համարում Ձեր կարիերայի այս պահի դրությամբ լավագույն խաղը:

-Իմ լավագույն խաղերն անցկացրել եմ Հայաստանի երիտասարդական հավաքականում: Կառանձնացնեմ Չեռնոգորիայի դեմ հանդիպումը (4:1):

-Իսկ լավագույն գոլը…

-Նույն երիտասարդականի կազմում Վրաստանի ընտրանուն խփած գոլը: Նաև կառանձնացնեմ Չեռնոգորիայի հետ խաղում հեղինակած գնդակը:

-«Բանանցի» կազմում ո՞ր խաղը կառանձնացնեք:

-Հավանաբար այն խաղը, որում հաղթեցինք «Փյունիկին» ու դարձանք Հայաստանի չեմպիոն:

-Խոսեցիք աջ պաշտպանի դիրքին հարմարվելու գործընթացի մասին: Համաշխարհային ֆուտբոլում հետևո՞ւմ եք որևէ աջ պաշտպանի խաղին, որպեսզի նոր խաղային դիրքի համար կարևոր դասեր քաղեք:

-Շատերին եմ հետևում: Ինձ աջ պաշտպաններից միշտ ամենաշատը դուր է եկել Դանիել Ալվեսի խաղը, փորձում եմ հենց նրանից որևէ բան սովորել:

-Իսկ Ձեր խաղերի տեսագրությունները դիտո՞ւմ եք, որ ավելի լավ պատկերացում կազմեք խաղադաշտում կայացրած որոշումների վերաբերյալ:

-Մեր խաղերի տեսագրությունները հիմնականում մարզիչներն են մեզ ցուցադրում մրցավեճերից հետո, միասին վերլուծում ենք: Լինում են հանդիպումներ, որոնք հենց նույն օրը տանը կրկին դիտում եմ: Տեսագրությունների հիմնական դրական կողմն այն է, որ կողքից տեսնում ես քո սխալը և հետագայում փորձում ես այն չկրկնել:

-Ձմռանը «Բանանցին» նոր ֆուտբոլիստներ են միացել: Ի՞նչ կարծիք ունեք նրանց մասին:

-Նորայր Գյոզալյանի ու Կարեն Հարությունյանի մասին նոր բան չեմ կարող ասել: Նրանք նախկինում մեր թիմում են եղել և ինքներդ լավ ծանոթ եք նրանց խաղին: Իսկ ահա հարձակվող Նենադ Ինյացը փորձառու ֆուտբոլիստ է, գոլ խփող հարձակվող է: Խաղացել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Կարծում եմ` նա մեզ կկարողանա օգուտ տալ: Մյուս նորեկները նույնպես կօգնեն թիմին:

-Հարց, որ Հայաստանի առաջնության ֆուտբոլիստներին հաճախ են տալիս: Ցանկանո՞ւմ եք տեղափոխվել արտասահման և դրա համար ի՞նչ հնարավորություններ կան:

-Հնարավորությունները պետք է ֆուտբոլիստն ինքը ստեղծի: Ամեն տարի շարունակի աշխատել, չհանձնվի, պատրաստ լինի շանսերից օգտվել, ինչպես նաև ձգտի հայտնվել ազգային հավաքականում:

-Ի՞նչն է մինչև այժմ խանգարել արտասահմանյան թիմ տեղափոխվելու համար:

-Շատ հանգամանքներ են եղել, որոնց չէի ցանկանա անրադառնալ, սակայն դրանցից մեկը կնշեմ` վնասվածքները:

-«Բանանցի» ղեկավարությունը հայտարարել է՝ տրանսֆերային քաղաքականությունում գործելու է վերավաճառքի սկզբունքով, այսինքն՝ իր ֆուտբոլիստների համար խոստումնալից առաջարկների դեպքում նրանց զիջելու է անվճար և հույս է ունենալու գումար վաստակելու նրանց հետագա վաճառքից: Այդ մոտեցումը ճի՞շտ եք համարում:

-Այո, այն ճիշտ եմ համարում: Այդ քաղաքականության շնորհիվ ֆուտբոլիստներն արտասահման գնալու ավելի լավ շանսեր են ստանում: Այն հենց խաղացողներին կօգնի:

-Ինչպիսի՞ ակնկալիքներով եք սկսելու մրցաշրջանի երկրորդ կեսը:

-Հույս ունեմ՝ լավ կանցկացնենք մրցաշրջանի երկրորդ կեսը և կկարողանանք նվաճել Հայաստանի Գավաթը:

 

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում