Տպավորիչ համալրում. «Շիրակը» պայմանագիր է կնքել 7 ֆուտբոլիստների հետ

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Շիրակը» պայմանագրեր է կնքել նոր ֆուտբոլիստների հետ։

Գյումրեցիների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ երկու տարվա պայմանագրեր են կնքվել 21-ամյա ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովի և 25-ամյա ամերիկացի հարձակվող Կիրիան Նվաբուեզեի հետ։ Վերջինս նախկինում խաղում էր «Արարատում»:

Մեկամյա համաձայնագիր է կնքվել 21-ամյա կամերունցի կիսապաշտպան Ումարու Կաինայի հետ, ով նույնպես «Արարատի» նախկին ֆուտբոլիստն էր։ 2,5 տարվա պայմանագիր է ստորագրվել 21-ամյա իվուարցի հարձակվող Բակայոկո Մուսայի հետ։ 1,5 տարվա համաձայանագիր է կնքվել ուկրաինացի 23-ամյա պաշտպան Սեմյոն Դացենկոյի հետ։

Վեցամսյա պայմանագրեր են ստորագրվել 27-ամյա սերբ կիսապաշտպան Միլուտին Իվանովիչի («Ուլիսի» նախկին ֆուտբոլիստ) և 23-ամյա գանացի հարձակվող Սաֆիու Աբդուլ Ֆատաուի հետ։ Վերջինս «Շիրակում» հանդես կգա վարձավճարով։ Ֆատաուն Գանայի «Ինտեր Ալլիանս» ակումբից է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում