Պաշտոնական․ Մրցաշրջանի ավարտից հետո Լուիս Էնրիկեն կհեռանա «Բարսելոնայից»

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնան» նոր մարզիչ կունենա։

Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն որոշել է մրցաշրջանի ավարտից հետո չշարունակել ակումբի հետ համագործակցությունը։

«Չեմ երկարաձգելու ակումբի հետ պայմանագիրս։ Ժամանակն է որոշման մասին հայտարարելու համար։ Հեռանում եմ «Բարսելոնայից», քանի որ ինձ հանգիստ է անհրաժեշտ։ Ցանկանում եմ ակումբին շնորհակալություն հայտնել վստահության համար, ֆուտբոլիստներին՝ պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության, իսկ երկրպագուներին՝ աջակցության»,- ասել է Էնրիկեն։

46-ամյա մասնագետը «Բարսելոնան» գլխավորել է 2014 թվականին, այս ընթացքում թիմը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ՝ Իսպանիայի գավաթակիր, նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը, Չեմպիոնների լիգայի գավաթը, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնության գավաթը։

Ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով «Բարսելոնան» դուրս է եկել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ և մայիսի 27-ին տիտղոսի համար պայքարելու է «Ալավեսի» հետ, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 0։4 հաշվով պարտվել է «Պարի Սեն Ժերմենին», իսկ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի արդյունքներով ունի 57 միավոր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում