«Բարսելոնայի» գլխավոր մարզչի հավանական թեկնածուները

Այն, ինչ վերջին շաբաթներին ակտիվորեն քննարկվում էր մամուլում, պաշտոնապես հաստատվեց․ Լուիս Էնրիկեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Բարսելոնայից»։ Թեև կատալոնական ակումբը մտադիր չէ շտապել նոր մարզչի ընտրության հարցում, և Էնրիկեին փոխարինողի անունը կհրապարակվի, ամենայն հավանականությամբ, հունիսին, թեկնածուների մասին խոսակցություններն արդեն սկսվել են։ Քննարկենք հավանական տարբերակները:

Խորխե Սամպաոլի («Սևիլյա»)

Սամպաոլին հարձակվողական ֆուտբոլի կողմնակից է, նրա «Սևիլյայի» խաղը հաճույք է պատճառում, նա մեծ հեղինակություն է վայելող մարզիչ է նաև իր թիմի սահմաններից դուրս։ Թվում է՝ այն, ինչ պետք է «Բարսելոնային», բայց․․․ «Բարսելոնան» հզոր հարձակում ունի, իսկ պաշտպանությունում կարգուկանոն հաստատելու կարիք կա։ Արդյո՞ք, Սամպաոլիի նման մարզիչը կկարողանա կատալոնացիներին կրկին սովորեցնել հուսալի պաշտպանության և քիչ գոլեր բաց թողնելու գաղտնիքները։ Բացի այդ, «Սևիլյայի» ղեկավարությունը ջանքեր չի խնայում մասնագետի հետ նոր պայմանագիր կնքելու համար։ Անձամբ Սամպաոլին հայտարարել է՝ ամեն ինչ կորոշի այս մրցաշրջանից հետո։

Ռոնալդ Կուման («Էվերթոն»)

Ճիշտ է, Պրեմիեր լիգայից առաջ Կումանը 1:0 հաշիվը նախընտրող մարզիչ է եղել և միայն Անգլիայում է ավելի ճկուն դարձել, սակայն հոլանդացի մասնագետի օգտին մի քանի հանգամանք է խոսում՝ նվիրվածությունը կապտանռնագույնների ընտանիքին, «Էվերթոնի» առաջխաղացումը, ֆուտբոլը, որ նրա սաներն են ցուցադրում: Նրա «Էվերթոնը» ճկուն մարտավարության հաշվին կարողացավ հաղթել «Արսենալին» և 4:0 հաշվով առավելության հասնել «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։

Բացասական կողմերից է այն, որ Կումանի նշանակումը, հնարավոր է, Լիոնել Մեսսիի հետ տարաձայնության առիթ տա: Իսպանական ֆուտբոլի երկրպագուները Կումանին «Վալենսիայից» գիտեն, որտեղ հոլանդացին թիմի երեք առաջատարներին՝ Կանիսարեսին, Ալբելդային և Անգուլոյին դուրս թողեց հիմնական կազմից: Ռոնալդը խիստ մարզիչ է, իսկ «Բարսելոնայում» Մեսսիի շուրջ յուրօրինակ պաշտամունք կա, ուստի կոնֆլիկտն այս դեպքում բացառել չի կարելի:

Էրնեստո Վալվերդե («Ատլետիկ Բիլբաո»)

Փորձառու մասնագետը վաղուց է ապացուցել իր բարձր կարգը։ Բոլոր ակումբները, որտեղ Վալվերդեն աշխատել է, զգալի առաջընթաց են գրանցել։ Վալվերդեն 53 տարեկան է, բայց արդեն 15 տարվա աշխատանքային փորձ ունի․ ճիշտ ժամանակն է լուրջ մարտահրավեր ընդունելու համար։ Այս տարբերակի դեպքում խոչընդոտ կարող է լինել միայն աստղային ֆուտբոլիստների հետ ընդհանուր լեզու գտնելու հարցը․ մեկ բան է աշխատել «Ատլետիկի», «Վիլյառեալի» կամ «Վալենսիայի» ֆուտբոլիստների հետ, բոլորովին այլ բան կատալոնացիների աստղերի, որոնց հետ շատ հաճախ խնդիրներ է ունենում նույն Լուիս Էնրիկեն։

Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»)

Շրջանառվող լուրերի համաձայն՝ մերսիսայդյան ակումբի մարզիչը ևս կատալոնացիների թոփ-թեկնածուների ցուցակում է: Մի քանի տարի առաջ Կլոպը խոստովանեց, որ ատում է «տիկի-տակա»-ն և երբեք այդ եղանակով չի աշխատի: Հիմա նրա «Լիվերպուլը», իհարկե, չի օգտագործում «տիկի-տակա», բայց նրա սաներն անընդհատ խաղարկում են գնդակն ու ցանկացած հնարավորության դեպքում փոխանցում կատարում: Կլոպի ներկայիս թիմը որոշակի ընդհանրություններ ունի «Բարսելոնայի» հետ ու հենց դրանով է պայմանավորված նրա՝ հավանական թեկնածու համարվելու փաստը:

Թոմաս Տուխել («Բորուսսիա Դորտմունդ» )

Գերմանիայում ակտիվ քննադատում են Թոմաս Տուխելին. նրա «Բորուսսիան» անընդհատ փոխում է մարտավարությունը, իսկ թիմի գլխավոր ռմբարկու Պյեր-Էմերիկ Օբամեյանգն Աֆրիկայի գավաթից հետո ուշքի չի գալիս։

Տուխելը ոճային առումով իդեալական մարզիչ է «Բարսելոնայի» համար. «Բորուսսիան» ակտիվ խաղարկում է գնդակը, անընդհատ փոխանցումներ կատարում դաշտի կենտրոնում, փորձում է սուր փոխանցման համար թեկնածու գտնել: Տուխելի և ակումբի ղեկավարության միջև առկա կոնֆլիկտը հաշվի առնելով՝ պետք է ենթադրել, որ մարզիչը պատրաստ է նոր առաջարկներ քննարկել։

+ գրեթե անհավանական տարբերակ՝ Լուի վան Գալ 

Լուի վան Գալը հայտարարել է, որ այլևս չի աշխատելու, բայց հրավերներն ամեն դեպքում դեռ հանգիստ չեն թողնում նրան: «Բարսելոնայի» ապագա մարզիչների շարքում նա հետնապահ է, բայց բոլորից լավ գիտի կատալոնացիների խոհանոցը, քանի որ դեռևս 1990-ականների վերջերին է մարզել թիմը, որտեղ նրա սաներից էր Պեպ Գվարդիոլան, օգնականներից՝ Ժոզե Մոուրինյուն: Վան Գալը «Բարսելոնայի» հետ Իսպանիայի չեմպիոն է դարձել, բայց դրանից ավելի կարևոր է այն փաստը, որ հենց նա է ճանապարհ հարթել Վիկտոր Վալդեսի, Պեպե Ռեյնայի, Կառլես Պույոլի, Անդրես Ինյեստայի համար: Եթե Լուին «Բարսելոնա» վերադառնա արդեն երրորդ անգամ, ապա ակադեմիայի նոր սաներին առաջին թիմում տեսնելու մասին կարելի է չանհանգստանալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում