Աշոտ Բարսեղյան. Շատ վատ է, որ զրկվել ենք Կապանում խաղալու հնարավորությունից

Հայաստանի առաջնության 18-րդ տուրում «Գանձասար-Կապանը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում «տնային» խաղ անցկացրեց «Փյունիկի» հետ և 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ: Սյունիքցիների գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը հանդիպումից հետո ամփոփեց խաղը և խոսեց Կապանում տնային խաղերը չանցկացնելու մասին:

«Երկրորդ շրջանի առաջին խաղն էր: Լավ խաղի համար ցանկանում եմ շնորհավորել մեր ֆուտբոլիստներին, ղեկավարությանն ու երկրպագուներին: Թիմի տրամադրվածությունն ու կենտրոնացվածությունը բարձր էր: Մինչև վերջին րոպեն ֆուտբոլիստները կարողացան կատարել մեր հրահանգները, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում նրանց: Հանդերձարանում նույնպես շնորհավորեցի նրանց գրեթե անթերի խաղի համար: Լավ խաղի համար շնորհակալ եմ նաև «Փյունիկին», լավ ու կոռեկտ ֆուտբոլ ցուցադրեցին»,- ասաց Բարսեղյանը։

Երկրորդ խաղակեսում «Գանձասարն» ավելի հետ քաշված էր գործում: Բարսեղյանն ասաց, որ նա նման հրահանգ չի տվել․

«Ընդմիջման ժամանակ տղաներին ասել եմ՝ առաջին կեսի պես շարունակեն խաղալ, բայց հաշիվը թելադրում է հանդիպման ընթացքը: Մեր թիմը երկրորդ կեսում ավելի խորքից ու հակագրոհների վրա սկսեց խաղալ, իսկ ես, տեսնելով, որ դա նրանց մոտ բավականին կարգապահ կերպով է ստացվում, որոշեցի չմիջամտել»:

Արթուր Յուսպաշյանը պաշտոնական նորամուտը նշեց «Գանձասարում»: 52-ամյա մասնագետը մեծ կարևորություն տվեց թիմի նորեկի դերին, քանի որ կապանցիները նպատակ էին դրել ուժեղացնել հենց այդ դիրքը:

«Շատ-շատ կարևոր խաղացող է նա մեզ համար: Առաջնության նախորդ հանդիպումներում այդ դիրքը խնդրահարույց էր: Շատ ուրախ ենք, որ գտանք Յուսպաշյանի նման ֆուտբոլիստի, ով մեծ ծավալի աշխատանք է կատարում և խաղադաշտում անում է այն, ինչ նրանից պահանջում ենք: Մենք կարող էինք կարճ ու միջին փոխանցումներով գործել, բայց մրցակիցն ինչ-որ տեղ թույլ չտվեց․ «Փյունիկը» մնում է «Փյունիկ», նույնիսկ նման երիտասարդ ֆուտբոլիստներով, ովքեր դրական առումով ագրեսիվ էին խաղում: Հավաքների ժամանակ գնդակը վերահսկող ֆուտբոլ էինք խաղում և մեզ մոտ բավական լավ էր ստացվում»:

Ինչպես հայտնի է դարձել, «Գանձասար-Կապանը» մրցաշրջանի երկրորդ կեսում տնային խաղերն անցկացնելու է «Հանրապետական» մարզադաշտում (այսօր եղանակի պատճառով բացառություն էր արվել): Sport.Times.am-ը Աշոտ Բարսեղյանին հարցրեց, թե Կապանում չխաղալն ինչպես կազդի թիմի ելույթների վրա:

«Շատ վատ է, որ զրկվել ենք մեր մարզադաշտում խաղալու հնարավորությունից: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Կապանում խաղալը «Գանձասարի» համար միշտ առավելություն է եղել: Անգամ վիճակագրությանը հետևելիս տեսնում ենք, որ մենք ավելի լավ ենք խաղում Կապանում: Դժբախտաբար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց, որ այնտեղի մարզադաշտը ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու համար պատրաստ չէ: Ինձ ու իմ թիմի համար ցանկալի էր Կապանում խաղալ, բայց որ այսպես ստացվեց, պետք է հետևություններ անենք, արագ կարգավորումներ անենք, որպեսզի շարունակենք այնտեղ խաղալ»:

Կապանում խաղալու պարագայում նույնիսկ «Գանձասարն» իր մարզումները Երևանում էր անցկացնում: Sport.Times.am-ը մարզչին հարցրեց՝ տնային խաղն անցկացնելու համար 320 կմ չուղևորվելու անհրաժեշտությունը դրական կազդի՞ թիմի վրա:

«Ինչպես գիտեք, մենք Կապան մեկնում էինք հանդիպումից մի քանի օր շուտ: Այնտեղ հանգրվանում էինք հյուրանոցում, ակումբի ղեկավարությունը դրա համար շատ լավ հնարավորություններ էր ստեղծել: Կային սննդի ու հանգստի հիանալի պայմաններ: Այնպես որ՝ մենք այնտեղ լավ էինք վերականգնվում, ապա նաև խաղում: Ճիշտ է, այդ ճանապարհը գնալը հոգնեցնող է, բայց արդեն սովորել էինք: Կապանում չխաղալու բացասական կողմերի համեմատ, այդքան ճանապարհ չգնալը շատ թեթև առավելություն է»,- խոսքը եզրափակեց Աշոտ Բարսեղյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում