Մուսոնդա. Ձմռանն առաջարկներ ունեի այլ երկրներից, բայց որոշեցի մնալ Հայաստանում

«Գանձասար-Կապանի» աջ կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան ընթացիկ մրցաշրջանում սկսել է ավելի հաջող հանդես գալ ու դարձել է կապանցիների առաջատարներից մեկը: «Փյունիկի» դեմ 2017-ի թվականի առաջին պաշտոնական խաղում (2:0) Զամբիայի հավաքականի ներկայացուցիչը դարձավ առաջին գոլի համահեղինակը: Sport.Times.am-ը 22-ամյա ֆուտբոլիստի հետ զրուցել է այդ հանդիպան և այլ թեմաների շուրջ: 

-«Փյունիկի» հետ խաղում դրական արդյունքի հասաք: Ցուցադրած խաղի որակից գո՞հ եք:

-Կոշտ հանդիպում էր: «Փյունիկը» լավ խաղաց, նվիրված էր գործում, սակայն մենք մեր հնարավորությունների հարյուր տոկոսից ավելին ներդրեցինք հաղթանակի համար: «Գանձասարը» միասնական էր խաղում և արժանիորեն հաղթեց:

-Թիմը որքանո՞վ է պատրաստ մրցաշրջանի գարնանային հատվածին:

-Մենք լավ նախապատրաստություն ենք անցել: Հավաքներ ենք անցկացրել Երևանում ու Կիպրոսում: Այժմ թիմում բոլորը լավ մարզավիճակում են գտնվում: Պայքարում ենք դրական արդյունքներ գրանցելու համար:

-Թիմի առջև կոնկրետ արդյունքի հասնելու խնդիր դրվա՞ծ է:

-Մեր նպատակը լավագույն եռյակում լինելն է: Մտադիր ենք եվրագավաթներին մասնակցելու իրավունք ստանալ:

-Գրեթե երեք տարի է Հայաստանում եք խաղում: Հարմարվե՞լ եք երկրին:

-Որպես ֆուտբոլիստ՝ իմ առաջնային պարտավորությունը լավ աշխատելն ու խաղաին որակներս բարձրացնելն է: Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ մեր թիմի պես կոլեկտիվում, այսպիսի մարդկանց հետ, ովքեր ինձ ֆուտբոլային առումով լավ պատրաստելուց զատ նաև միշտ խրախուսում ու աջակցում են: Նրանք օգնում են հարմարվել նաև երկրին:

-Հայաստանի առաջնություն տեղափոխվելուց հետո Ձեր խաղը որքանո՞վ է փոխվել և ո՞ր ուղղությամբ:

-Հայաստանում իմ ցուցադրած ֆուտբոլը բավականին փոփոխության է ենթարկվել և դարձել է ավելի որակյալ: Այժմ հասել եմ իմ մարզավիճակի գագաթնակետին: Խաղադաշտում դրական առաջընթաց կա իմ ֆիզիկական, հոգեբանական ու մտավոր գործողություններում:

– Ձմռանն այլ երկրների ակումբներից առաջարկներ ունեցե՞լ եք:

-Այո, վերջին տրանսֆերային պատուհանի ընթացքում մի շարք առաջարկներ ունեի, սակայն դրանց լուրջ չվերաբերվեցի: Որոշեցի մնալ այստեղ ու շարունակել ելույթներս Հայաստանում:

 

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում