Չեմպիոնների լիգա․ Ինչո՞ւ «Ռեալը» պետք է զգուշանա 3:1 հաշվից

«Նապոլիի» առջև բարդ խնդիր է դրված. «Ռեալին» առաջին խաղում 1:3 հաշվով պարտվելուց հետո հաղթել ընդհանուր դիմակայությունում։ Բարդ է, բայց ոչ անհնար, քանի որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը նման իրավիճակներում պարտվելու տխուր փորձ արդեն ունի:

Վիճակագրությունը փաստում է, որ 3:1 հաշիվն անհաջող է «Ռեալի» համար: Մադրիդցիները եվրագավաթային խաղերում այդ հաշվով առաջին խաղերում հաղթել են 8 անգամ, բայց ճանապարհը շարունակել են 4 դեպքում: Մադրիդցիների ցուցանիշն իրապես տարբերվում է ընդհանուրից. ՈւԵՖԱ-ի բոլոր մրցաշարերում առաջին խաղերում 3:1 հաշվով հաղթած թիմերը 329-ից 254 դեպքում շարունակել են պայքարը (77.2%): 

Ներկայացնում ենք Չեմպիոնների լիգայի պատմության նախորդ 8 դեպքերը, երբ «Ռեալն» առաջին խաղում հաղթել է 3։1 հաշվով։

Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչ, 1956-57թթ․
«Ռեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3:1
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ»՝ 2:2 (ընդհանուր՝ 3:5)

«Ռեալը», որը մեկ մրցաշրջան առաջ դարձել էր Չեմպիոնների գավաթի առաջին հաղթողը, դիմակայեց լեգենդար Մեթ Բասբիի թիմին: Մադրիդցիները հաղթեցին առաջին խաղում, երկու գնդակ էլ պատասխան խաղում խփեցին: «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց, բայց դա այնքան արդյունավետ արեց, որ «Ռեալի» նախագահ Սանտյագո Բեռնաբեուն Բասբիին աշխատանք առաջարկեց: Անգլիացին հրաժարվեց, բայց ընկերացավ Բեռնաբեուի հետ, և երբ «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմն ավիավթարի ենթարկվեց, «Ռեալը» բրիտանական ակումբին օգնեց ոտքի կանգնել:

Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչ, 1959-60թթ․
«Ռեալ» – «Բարսելոնա»՝ 3:1
«Բարսելոնա» – «Ռեալ» 1:3 (ընդհանուր՝ 2:6)

Առաջին խաղում երկու անգամ աչքի ընկավ Ալֆրեդո դի Ստեֆանոն, մեկ գնդակ էլ խփեց Ֆերենց Պուշկաշը, ով դուբլի հեղինակ դարձավ արդեն պատասխան խաղում: «Ռեալը» դուրս եկավ Գլազգոյի եզրափակիչ, որտեղ պարտության մատնեց «Այտրախտին»՝ 7:3: Էլենիո Էրերայի «Բարսելոնան», որն ավելի վաղ «Ռեալից» խլել էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, եվրոպական արենայում պարտվողի դերում էր: Կատալոնական ակումբը հաջորդ մրցաշրջանում ռևանշի հասավ և ընդհատեց Չեմպիոնների գավաթում «Ռեալի» հաղթական շարքը:

ՈւԵՖԱ-ի գավաթի երկրորդ տուր, 1971-72թթ․
«Ռեալ» – ՊՍՎ՝ 3:1
ՊՍՎ – «Ռեալ»՝ 2:0 (ընդհանուր՝ 3:3, ՊՍՎ-ն հաղթեց դիմակայությունում արտագնա խաղում խփած գնդակի հաշվին)

Այստեղից սկսվեցին «3:1» հաշվի հետ կապված «Ռեալի» անհաջողությունները: Մադրիդցիները Գավաթների գավաթի 1970-71թթ․ մրցաշրջանում հաղթեցին ՊՍՎ-ին, բայց հաջորդ մրցաշրջանում հոլանդացիները ռևանշի Էֆա Մյուլդերսի և Ուկի Խուկեմայի գոլերի շնորհիվ։

Չեմպիոնների գավաթի երկրորդ տուր, 1978-79թթ․
«Ռեալ» – «Գրասհոպերս»՝ 3:1
«Գրասհոպերս» – «Ռեալ»՝ 2:0 (ընդհանուր՝ 3:3, «Գրասհոպերսը» հաղթեց արտագնա խաղում խփած գնդակի հաշվին)

ՈւԵՖԱ-ի գավաթի 1978-ի կիսաեզրափակիչ հասած Ցյուրիխի ակումբը իսպանական թիմերի հետ նախորդ բոլոր հանդիպումներում պարտություն էր կրել, սակայն «Ռեալի» հետ դիմակայությունում հաջողությունը ժպտաց համեստ թիմին: Իրավաբանական համալսարանի ուսանող ու ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեի ապագա ներկայացուցիչ Կլաուդիո Սուլսերը դարձավ շվեյցարական ակումբի հերոսը պատասխան խաղում ձևակերպած դուբլի շնորհիվ: Այդ առաջնությունում նա ընդհանուր 11 գնդակ խփեց և դարձավ լավագույն ռմբարկուն:

ՈւԵՖԱ-ի գավաթի 1/4 եզրափակիչ, 1981-82թթ․
«Ռեալ» – «Կայզերսլաութերն»՝ 3:1
«Կայզերսլաութերն» – «Ռեալ»՝ 5:0 (ընդհանուր՝ 6:3)

Գերմանիա այցը «Ռեալին» իր պատմության երկու ամենախոշոր պարտություններից մեկը բերեց եվրոպական արենայում: Հանս-Պետեր Բրիգելը, ով արդեն 17-րդ րոպեին 2 գնդակ էր խփել, իսպանացիների համար դարձավ չար հանճար: Պետք է ընդգծել, որ վերջնական արդյունքի վրա զգալի ազդեցություն ունեցան Սան Խոսեի և Լոուրի Կանինգհեմի կարմիր քարտերը, որոնց խաղի վերջում ավելացավ Ֆրանսիսկո Պինեդայի հեռացումը։

Գավաթների գավաթի երկրորդ տուր, 1982-83թթ․
«Ռեալ» – «Ույպեշտ»՝ 3:1
«Ույպեշտ» – «Ռեալ»՝ 0:1 (ընդհանուր՝ 1:4)

Այդ մրցաշրջանի եզրափակչում մադրիդցիները պարտվեցին «Աբերդինին», բայց փոխարենը ժամանակավորապես ընդհատեցին սեփական դաշտում 3:1 հաշվից հետո պարտվելու «սովորությունը»: 

ՈւԵՖԱ-ի գավաթի 1/4 եզրափակիչ, 1992-93թթ․
«Ռեալ» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 3:1
«Պարի Սեն Ժերմեն»-«Ռեալ»՝ 4:1 (ընդհանուր՝ 5:4)

Դավիդ Ժինոլան երկու խաղերում էլ գոլի հեղինակ դարձավ և ֆրանսիացիների համար վառ հաղթանակ ապահովեց: Պատասխան հանդիպման արդեն ավելացված րոպեներին Իվան Սամորանոյի գոլը, թվաց, մադրիդցիներին կփրկի պարտությունից, սակայն մնացած ժամանակը բավարարեց Անտուան Կոմբուարեին դիմակայության հաղթական գնդակը խփելու համար։

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ, 2002-03թթ․
«Ռեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3:1
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ»՝ 4:3 (5:6)

«Օլդ Թրաֆֆորդի» խաղը Չեմպիոնների լիգայի ամենավառ հակամարտություններից է: Գործող չեմպիոնների շարքում հրաշալի խաղ ցուցադրեց Ռոնալդոն: Բրազիլացին հեթ-տրիկ ձևակերպեց ու դաշտից հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների ծափահարությունների ներքո: «Կարմիր սատանաները»  դուրս մնացին պայքարից, բայց պատասխան խաղում հաղթեցին Դևիդ Բեքհեմի դուբլի շնորհիվ: 

Հավելենք, որ «3։1» հաշվի հետ կապված տխուր հիշողություններ ունի նաև «Նապոլին»: Նախորդ և միակ անգամը, երբ թիմը հասավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ (2011-12թթ․), առաջին խաղում 3։1 հաշվով հաղթեց «Չելսիին», սակայն Լոնդոնում զիջեց 1։4 հաշվով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում