Խուան Մատա. Ես ֆուտբոլիստ եմ, բայց առաջնահերթ մարդ եմ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան Գարի Լինեկերի հետ զրույցում անկեղծացել է՝ խոսելով լոնդոնյան անցյալի ու մանչեսթերյան ներկայի մասին։ Զրույցի թարգմանությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

-Անգլիական ֆուտբոլը, տեղացի երկրպագուներն ու այն, թե ինչպես են ինձ վերաբերում, ինձ դուր են գալիս: Օրինակ վերցնենք Մանչեսթերի բնակիչներից: Մենք խաղում ենք «Օլդ Թրաֆֆորդում»․ մարզադաշտ, որը բազմաթիվ լավ ու հիանալի խաղեր, հիասքանչ ֆուտբոլիստներ է տեսել: Դաշտ դուրս գալով՝ տեսնում ես սըր Ալեքս Ֆերգյուսոնի ու սըր Բոբի Չարլթոնի անվան տրիբունաները, ու միանգամից գալիս է այն գիտակցությունը, թե որքան հարուստ ֆուտբոլային պատմություն ունենք մենք: Ես շատ եմ ցանկանում այս թիմի հետ հաղթել Պրեմիեր լիգայում կամ Չեմպիոնների լիգայում։ Հույս ունեմ՝ մենք կկարողանանք ակումբը վերադարձնել բարձունքին։

-Ի՞նչ ես կարծում, Ժոզե Մոուրինյուն լա՞վ է գլուխ հանում աշխատանքից։

-Ինձ թվում է, որ նա հասկանում է, թե ինչ նշանակություն ունի ակումբը, ու դա կարևոր է նրա համար: Հենց դրա համար էլ այստեղ է եկել: Շատ կարևոր է հասկանալ ակումբի պատմությունը, փիլիսոփայությունն ու խաղաոճը, որին սովոր են ֆուտբոլիստներն ու երկրպագուները:

-Հետաքրքրվա՞ծ ես արվեստով:

-Ե՛վ այո, և՛ ոչ: Ցանկանում եմ ասել, որ տարբեր բաներ են ինձ հետաքրքրում, ոչ միայն արվեստը: Ինձ հետաքրքիր է այն ամենը, ինչ կապված չէ ֆուտբոլի հետ, քանի որ նման բաներն օգնում են շեղվել ու որոշակի իմաստով լիցքավորվել: 

-Անգլիա տեղափոխվելու որոշումդ ռիսկայի՞ն էր: Չէ՞ որ դու տեսնում էիր իսպանական ու անգլիական ֆուտբոլի միջև եղած տարբերությունը:

-Դե, առանց դրա չստացվեց: Անգլիական ֆուտբոլի մասին խոսելիս մարդիկ առաջնահերթ նշում են ֆիզիկական պատրաստվածության մասին: Բոլորն ասում են, որ անգլիական ֆուտբոլում ֆիզիկականը շատ է, ու դա իսկապես այդպես է:

-Անհանգստանո՞ւմ էիր, որ նման ֆուտբոլը քեզ գուցե չհամապատասխաներ:

-Ոչ: Միշտ մտածել եմ, որ եթե կարողանում ես լավ ֆուտբոլ խաղալ, դա ամենուր կարող ես անել:

-«Չելսիում» խաղալու տարիներին տարբեր մարզիչների հետ ես աշխատել: Ահա գալիս է Ժոզե Մոուրինյուն ու ինչ-որ բան չի ստացվում: Իրականում ի՞նչ էր կատարվում և ինչո՞ւ:

-Գիտես, ինչպես կյանքում, այնպես էլ ֆուտբոլում փոփոխությունների ժամանակահատված է լինում: Պետք է պատրաստ լինել: Մոուրինյուի գալուց հետո ես հաճախ չէի խաղում: Այլ ակումբ տեղափոխվելու հնարավորություն ունեցա, «Չելսիի» համար ևս հաջող գործարք էր:

-Դու այդ ժամանակ վիճե՞լ ես նրա հետ: Առհասարակ, որևէ մեկի հետ վիճո՞ւմ ես:

-Առհասարակ նման իրավիճակներում կարող եմ այդպես անել, սակայն վեճ տեղի չունեցավ: Կարծում եմ՝ բացառապես ֆուտբոլային խնդիրներ էին: Իմ խաղաոճը չէր համապատասխանում նրա պահանջներին կամ էլ նման մի բան: Ամեն դեպքում նրա հետ որևէ անձնական խնդիր չունեի: Հիմա միասին ենք աշխատում, ու ամեն ինչ հիանալի է:

-Եկ հիշենք այն օրը, երբ դու քո գործով էիր զբաղված ու մեկ էլ իմացար, որ Ժոզե Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչն է: Ինչի՞ մասին մտածեցիր:

-Այդ ժամանակ արձակուրդում էի: Մտածեցի․ «Եվ այսպես, դա տեղի ունեցավ: Պետք է ընդունել ու փորձել ինձ վայել ֆուտբոլ խաղալ»: Եվ ամեն ինչ հիանալի է: Հիմա ինձ ամեն ինչ դուր է գալիս: Ես շատ եմ խաղում: Թիմը լավ է խաղում, թեև որոշ պահերի կարող է ավելի լավ էլ լինել:

-Ամեն ինչ հարթվում է, այդպես չէ՞:

-Մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում: Մարդիկ չափազանց շատ են այդ մասին խոսում: Ես իմ ու իմ խաղի մասին եմ խոսում: Փորձում եմ հնարավորինս լավ խաղալ: Ավելի լավ է, երբ գործողություններս են դաշտում խոսում իմ փոխարեն:

– Արվեստի ո՞ր ճյուղն է քեզ դուր գալիս:

-Ինձ ժամանակակից արվեստն է դուր գալիս, ինչպես նաև փոփ-արտը: Հիանում եմ ստեղծագործ մարդկանցով:

-Դու էլ որոշակի իմաստով ինչ-որ բան ես արարում դաշտում:

-Դե, փորձում եմ:

-Այս ամռանն ակումբը մի շարք խոշոր տրանսֆերներ իրականացրեց: Քո կարծիքով, ինչպե՞ս են խաղում նորեկները: Իբրան արդեն բավականաչափ գոլ է խփել: Ինչպիսի՞ն է նա կյանքում: Ի՞նչ մարդ է: Երբեք նրան չեմ հանդիպել:

-Նա իսկապես հիանալի մարդ է ու, ակասկած, հանճարեղ ֆուտբոլիստ: Նա ուժեղ բնավորություն ունի, բայց նաև հումորի ուժեղ զգացում: Նա շփվում է երիտասարդ ֆուտբոլիստների հետ, կատակում: Նա հումորի զգացում ունի, իսկ առանց դրա ֆուտբոլում ոչ մի տեղ չես գնա:

-Պոլ Պոգբայի համար բա՞րդ էր: Սպասելիքները մեծ էին, քանի որ նա ֆուտբոլի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստն է: Դա հեշտ չէ:

-Ենթադրում եմ, որ դա իսկապես հեշտ չէ: Նկատել եմ՝ երբ ֆուտբոլիստը մեծ գումարի դիմաց է ակումբ տեղափոխվում, սպասելիքները շատ մեծ են: Մարդիկ կարող են կորցնել իրականության հետ կապը: Հասկանում ես, մենք մեքենաներ չենք: Շատերը համարում են, թե այն ֆուտբոլիստը, ում համար մեծ գումար են վճարել, պետք է ամեն խաղում գոլ խփի: Այդպես կարող են միայն Մեսսին ու Ռոնալդուն: Վերջ, այդպիսի ֆուտբոլիստներ այլևս չկան: Մենք մարդիկ ենք: Իհարկե, փորձում ենք հնարավորինս լավ խաղալ, պրոֆեսիոնալ լինել, բայց մնացածը միայն մեզանից չէ, որ կախված է:

-Ի՞նչ է պակասում թիմին բարձունքի հասնելու համար:

-Մենք պետք է ավելի կայուն խաղանք արդյունքների առումով, իրացնենք մեր հարմար պահերը: Սա հատկապես երեք-չորս խաղի է վերաբերում, որոնցում պետք է հաղթեինք: Ֆուտբոլում, սակայն, միշտ չէ հաղթում նա, ով ավելի արժանի է: Պետք է բարելավենք այդ պահը: Լավ ենք խաղում, պահեր ենք ստեղծում, բայց պետք է նաև իրացնենք դրանք: Եթե այդ 3-4 խաղում հաղթեինք, ապա մրցաշարային աղյուսակում մի փոքր ավելի բարձր դիրքում կլինեինք: Իսկ դա արդեն բոլորովին այլ պատմություն է:

-Դու տիպիկ ֆուտբոլիստ չես: Դու բարձրագույն կրթություն ունես…

-Դե, ամեն դեպքում դեռ փորձում եմ ստանալ: Դեռ 2-3 առարկայից պետք է քննություն հանձնեմ: Հույս ունեմ, որ երբևէ կավարտեմ: Հստակ չգիտեմ, թե երբ:

-Ի՞նչ ես կարծում, իսպանացի ֆուտբոլիստները խելացի՞ են անգլիացիներից: Պարզ հարց է հստակ պատասխանով․ իսպանացի ֆուտբոլիստներն ավելի հեշտ են նոր լեզու սովորում…

-Չեմ կարծում, որ նման հստակ կանոն կա: Մեծ թվով անգլիացի ֆուտբոլիստների եմ ճանաչում, ովքեր հիանալի հասկանում են խաղը: Ինձ համար հենց դա է կարևոր, ոչ թե այն, թե որքան ուժեղ ես կամ խելացի:

-Ի՞նչ կասես խփած գնդակների մասին։

-Չեմ կարծում, թե դա երկրի հետ կապ ունի: Դա առավելագույնս արդյունավետ խաղալու անհատական կարողությունից է կախված:

-Հարցն այլ կերպ ձևակերպենք. իսպանացի ֆուտբոլիստներն ավելի՞ կարգապահ են կենսագործունեության և պրոֆեսիոնալիզմի առումով: 

-Կարծում եմ, որ իսպանացի ֆուտբոլիստների գլխավոր հատկանիշը մրցակցության հանդեպ սերն է: Մենք կարող ենք օգուտ քաղել նման առճակատումից: Այլ երկրում, օրինակ՝ Անգլիայում խաղալով մենք փորձում ենք մեր խաղը խաղալ, բայց միևնույն ժամանակ այն նոր բաներով ենք ավելացնում, որոնք ինքներս մեզ համար բացահայտում ենք անգլիական ֆուտբոլից:

-Դու շատ ճանաչված ես և ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի» երկրպագուների շրջանում: Օգտվո՞ւմ ես դրանից այնպես, ինչպես մյուս ֆուտբոլիստները:

-Երբեմն, եթե անկեղծ: Իրականում ես չեմ ձգտել բոլորին դուր գալ կամ նման մի բան: Ես ուղղակի փորձում եմ նորմալ լինել: Ես ֆուտբոլիստ եմ, բայց առաջնահերթ մարդ եմ միս ու արյունից: Կարծում եմ, որ բախտավոր եմ, քանի որ այնպիսի կյանքով եմ ապրում, որի մասին գրեթե յուրաքանչյուրն է երազում։ Նկատի ունեմ՝ ֆուտբոլը քեզ դուր է գալիս, ու դու ֆուտբոլ ես խաղում:

-Անկախ բոլոր առավելություններից, ի՞նչ թերություններ ունի ժամանակակից ֆուտբոլիստի կյանքը: Ինչպիսի՞ն է մեդալի հակառակ կողմը:

-Գլխավոր թերությունը պատասխանատվության գիտակցումն է ու ճնշման զգացողությունը, երբ միլիոնավոր երկրպագուների առաջ ես խաղում: Գիտես, երբեմն բարդ է դա հաղթահարել: Պետք է պատրաստվել խաղին դա բարձր մակարդակով անելու համար: Հակառակ դեպքում, ժամանակի հետ ավելի քիչ ես խաղում, հետո ավելի ցածր մակարդակի ակումբ ես տեղափոխվում և այդպես շարունակ: Հոգեբանորեն դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է: Դրան զուգահեռ բարդ է ընկերներին հանդիպելու համար ժամանակ գտնել: Օրինակ, երբ հանգստյան օրերին նրանք ինչ-որ տեղ են գնում, իսկ դա նորմալ ցանկություն է, երբ 20 տարեկան ես․․․

-Դե, կարիերադ ավարտելուց հետո նման հնարավորություն կունենաս, թեև արդեն մեծ կլինես դրա համար:

-Չեմ զղջում, քանի որ անում եմ այն, ինչ սիրում եմ:

-Իսկ ի՞նչ կասես ֆուտբոլից հետոյի կյանքի մասին: Կցանկանայի՞ր մարզչական գործունեությամբ զբաղվել:

-Հիմա չեմ ցանկանում մտածել այդ մասին: Դեռ երիտասարդ եմ: 

-Ամեն դեպքում, կցանկանայի՞ր մարզիչ դառնալ:

-Հնարավոր է…

-Ի՞նչը կարող է քեզ համար հաջողություն համարվել «Մանչեսթեր Յունայթեդում»:

-Կցանկանայի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթել Չեմպիոնների լիգայում և ԱՊԼ-ում, որպեսզի հնարավորություն ունենայի հպարտությամբ ասելու, որ խաղացել եմ այն նույն ակումբում, որտեղ Ջորջ Բեսթը, Էրիկ Կանտոնան, Կրիշտիանու Ռոնալդուն, Գիգզը, Բեքհեմը, Սքքուլզը, և ինչ-որ բան եմ նվաճել: Այո, դա է երազանքներիս սահմանը:

-Շնորհակալություն ամեն ինչ ցույց տալու և հիանալի հարցազրույցի համար: Ցանկանում եմ, որ լավ անցկացնեք մրցաշրջանի վերջնամասը: Ուրախ էի քեզ հետ շփվել:

-Քեզ ևս շնորհակալություն: Ինձ նույնպես հաճելի էր:

Մատան հարցազրույցի ընթացքում յուրօրինակ նվեր է հանձնել Լինեկերին, ով Պրեմիեր լիգայի նախորդ խաղարկության ավարտից առաջ խոստացավ ներքնազգեստով եթեր դուրս գալ, եթե «Լեսթերը» չեմպիոն դառնա, և կատարեց խոստումը։

-Նվեր է քեզ համար:
-Ի՜նչ հաճելի է:
-Հույս ունեմ, որ քեզ դուր կգա:
-Մեկ վայրկյան: Օ՜հ, այո, անդրավարտիք է (ծիծաղում է): Սա մյուս մրցաշրջանի համար, եթե Պրեմիեր լիգայում հաղթեք:

Թարգմանությունը՝ Sport.Times.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում