ՉԼ․ «Բարսելոնան» պատմություն կերտեց՝ 6։1 հաշվով հաղթելով «Պարի Սեն Ժերմենին» (տեսանյութ)

«Բարսելոնան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ՝ չնայած 1/8 եզրափակչի առաջին խաղում 0։4 հաշվով պարտվել էր «Պարի Սեն Ժերմենին»։

Պատասխան խաղի մեկնարկային րոպեներից «Բարսելոնայի» ֆուտբոլիստները նետվեցին առաջ, և արդեն երրորդ րոպեին Լուիս Սուարեսը բացեց հաշիվը։ Խաղակեսն անցավ կատալոնացիների ահռելի առավելությամբ, Լուիս Էնրիկեի սաներն անդադար գրոհում էին, սակայն եզրափակիչ հարվածները ոչ միշտ էին ստացվում։ Այդուհանդերձ, նախքան ընդմիջում կատալոնացիների հաշվին գրանցվեց երկրորդ գոլը․ 40-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Լևին Կուրզուվան։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, հանդիպման գլխավոր մրցավար Դենիզ Այտեկինն օգնականի հետ խորհրդակցությունից հետո Կևին Տրապի դարպասին 11-մետրանոց նշանակեց՝ խախտում արձանագրելով Մենյեի կողմից։ Նշակետին մոտեցած Լիոնել Մեսսին անվրեպ իրացրեց հարվածը։ 62-րդ րոպեին Էդինսոն Կավանին զգալիորեն բարդացրեց կատալոնացիների խնդիրը՝ հաշիվը դարձնելով 3։1։

Բաց թողած գոլից հետո «Բարսելոնային» հարկավոր էր ևս 3 գնդակ խփել 1/4 եզրափակիչ դուրս գալու համար, ինչն Էնրիկեի սաներին հաջողվեց․ 88-րդ րոպեին աչքի ընկավ Նեյմարը, 91-րդ րոպեին բրազիլացի հարձակվողը դուբլ ձևակերպեց՝ անվրեպ իրացնելով հյուրերի դարպասին նշանակված երկրորդ 11-մետրանոցը, իսկ 95-րդ րոպեին պատմական գոլի հեղինակ դարձավ Սերխի Ռոբերտոն։

Այսպիսով, «Բարսելոնան» դարձավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատմության առաջին թիմը, որն առաջին խաղում 0։4 հաշվով պարտվելուց հետո պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բարսելոնա» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 6։1 (ընդհանուր՝ 6:5)
Գոլերը՝ Սուարես 3՛, Կուրզուվա 40՛/ինքնագոլ, Մեսսի 50՛/11-մետրանոց, Նեյմար 88՛, 90+1՛ / 11-մետրանոց, Ռոբերտո 90+5՛ – Կավանի 62՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում