«Էրեբունին» և «Լոռին» կարող են մասնակցել Բարձրագույն խմբի 2017-18թթ․առաջնությանը

Մարտի 10-ին կայացել է ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության են դրվել ՀՀ Բարձրագույն Խմբի 2016-2017թթ. առաջնության մասնակից 6 ակումբների՝ «Ալաշկերտ», «Շիրակ», «Փյունիկ», «Գանձասար-Կապան», «Բանանց» և «Արարատ» և արտոնագրման գործընթացում 2 նորեկ ակումբների՝ «Էրեբունի» և «Լոռի» ակումբների արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «Ազգային» արտոնագրերի համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում` մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի 2017-2018թթ. մրցաշրջանի առաջնությանը, որը մեկնարկելու է 2017 թվականի օգոստոսին:

Արտոնագրման կոմիտեն կայացրել է որոշում, ըստ որի «Ազգային» արտոնագրեր շնորհվեցին թեկնածու 8 ակումբներին: Համաձայն ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի պահանջների` «արտոնագրային» որոշումների կայացումից հետո ակումբները պարտավոր են տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ (օրինակ, կադրային բնագավառում) անհապաղ տեղեկացնել ՀՖՖ-ին:

Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրային գործընթացին և կսկսեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար: Այդ գործընթացին մասնակցում են միայն ՀՀ Բարձրագույն խմբի 2016-2017թթ. առաջնության մասնակից 6 ակումբները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում