Վարդան Բիչախչյան. Կազմի ընտրության հարցում չեմ սխալվել

Վարդան Բիչախչյան. Կազմի ընտրության հարցում չեմ սխալվել

Հայաստանի առաջնության 19-րդ տուրի կենտրոնական խաղում «Շիրակը» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց «Ալաշկերտին»: Հանդիպումից հետո գյումրեցիների գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հետևյալ խոսքերով սկսեց մամուլի ասուլիսը.

«Առաջին րոպեները մեր օգտին էին դասավորվում: Կային գոլային պահեր, որոնք չօգտագործեցինք: Այնուհետև պաշտպանությունում պարզ իրավիճակում սխալներ թույլ տվեցինք, լավ չհամագործակցեցինք և գոլ բաց թողեցինք: Դրանից հետո ձախողեցինք նաև առաջին կեսի մնացած ժամանակահատվածը:

Երկրորդ կեսում «Ալաշկերտն» ընդգծված խաղում էր երկրորդ համարով, ինչի պատճառով ազատ տարածությունները շատ քիչ էին: Առջևի գծում մեր թիմը գրեթե ոչնչով աչքի չընկավ: Ամեն դեպքում, դեռ պահպանում ենք առաջատարի դիրքերը: Այս պարտությունից հետևություններ կանենք ու կշարժվենք առաջ»:

Ընդմիջման ժամանակ Բիչախչյանը երկու պաշտպանների էր փոխարինել, թիմը խնդիրներ ուներ մրցակցի պրեսինգը հաղթահարելու գործում, ինչպես նաև հարձակվողները բավականաչափ սուր չէին գործում, իսկ փոխարինման մտած ֆուտբոլիստները համեմատաբար ակտիվացրին խաղը: Sport.Times.am-ը 39-ամյա մասնագետին հարցրեց՝ արդյո՞ք մեկնարկային կազմն ընտրելիս սխալվել է։ Բիչախչյանը տվեց հետևյալ պատասխանը․

«Ոչ, չեմ սխալվել»:

Մարզիչն իր խոսքում ընդունել էր, որ գյումրեցիները հարձակման գծում գրեթե ոչնչով աչքի չէին ընկել: Հարցին՝ դա կապված էր բացակայո՞ղ ֆուտբոլիստների հետ, թե՞ այլ պատճառ կար, Բիչախչյանն ասաց.

«Եկեք պատճառաբանություններ չփնտրենք: Բնականաբար, ունենք բացակայող խաղացողներ, որոնցից շատերն առջևի գծի ֆուտբոլիստներ են: Եթե նրանք մեր կազմում են, ուրեմն նրանց կարիքն ունենք: Նրանք վնասվածք ունեն և հիմա ապաքինման փուլում են: Ավելի վաղ նշել եմ, որ Կիրիան Նվազուեզեի եղբայրն է մահացել, նա ԱՄՆ է մեկնել: Այս պահի դրությամբ սա մեր օպտիմալ կազմն էր»:

Բիչախչյանն անդրադարձավ նաև Sport.Times.amի այն դիտարկմանը, որ հարձակման գծի ֆուտբոլիստները մոտենում էին մրցակցի դարպասին, սակայն վճռական չէին գործում․

«Վերջին փոխանցման և հարվածի խնդիր կար: Հասնում էինք մրցակցի տուգանային հրապարակին, սակայն վերջին փոխանցումն անորակ էր: Մեկնարկային րոպեների մի քանի խոստումնալից գրոհներ նույնպես թերի մնացին»,- ասաց մարզիչը։

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում