Նարեկ Սիրունյանը՝ Յաշար Դողուի հուշամրցաշարի արծաթե մեդալակիր

Նարեկ Սիրունյանը՝ Յաշար Դողուի հուշամրցաշարի արծաթե մեդալակիր

Ստամբուլում ավարտվեց Օլիմպիական խաղերի չեմպիոն Յաշար Դողուի անվան 45-րդ հուշամրցաշարը։ Մրցումային վերջին օրը գորգ դուրս եկան 65 կգ, 86 կգ և 97 կգ քաշային ըմբիշները։ 

65 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Նարեկ Սիրունյանը, ով պայքարը սկսեց 1/8 եզրափակչից՝ 14։4 հաշվով առավելության հասնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Աբոյգապարի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Նարեկի մրցակիցը թուրք Մուհամեդ Կահրամանն էր, ում հայ ըմբիշը հաղթեց տուշեով։ Կիսաեզրափակչում Սիրունյանը հանդիպեց մեկ այլ թուրք մարզիկի՝ Կուշսալայանին ու հաղթեց բացահայտ առավելությամբ՝ 15։5 հաշվով։ Եզրափակչում Նարեկ Սիրունյանի մրցակիցը Թուրքիայի ներկայացուցիչ Մուսթաֆա Կայան էր, ում հայ ըմբիշը զիջեց 0։10 հաշվով և բավարարվեց արծաթե մեդալով։

86 կգ քաշային կարգում Վահե Թամրազյանը պայքարը սկսեց որակավորման փուլից՝ կամային հաղթանակ տանելով թուրք Նամիկ Կորխմազի նկատմամբ (Վահեն պարտվում էր 0։2 հաշվով, սակայն գոտեմարտի վերջնամասում հավասարեցրեց հաշիվը։ Քանի որ վերջինը միավոր վաստակել էր հայ ըմբիշը, հաղթանակը տրվեց նրան)։ 1/8 եզրափակչում Թամրազյանի մրցակիցը Ֆիրհատ Բինաչին էր, ում հայ ըմբիշը զիջեց 2։4 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից։

97 կգ քաշային կարգում Հայաստանիը ներկայացնում էր 2 մարզիկ՝ Հայաստանի չեմպիոն Գեորգի Կետոևը և փոխչեմպիոն Շամիր Աթյանը։ Աթյանը պայքարը սկսեց որակավորման փուլից և 6։10 հաշվով պարտվեց Իբրահիմ Բոլուկբաշուն (Թուրքիա)։ Գեորգի Կետոևը 1/8 եզրափակչում հանդիպեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Բահտիեր Ասլոնովին և 10։0 հաշվով բացահայտ հաղթանակ տարավ, սակայն քառորդ եզրափակչում տուշեով պարտվեց Թուրիքան ներկայացնող Ֆահթի Յաշարին։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը Ստամբուլում նվաճեց 2 մեդալ․ Թուրքիա մեկնած Հայաստանի 10 ներկայացուցիչներից 61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը բրոնզե մեդալ նվաճեց, 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը՝ արծաթե։

Հետևեք մեզ նաև Telegram-ում