Արամ Ոսկանյան. Կզարմանաք, սակայն երկրորդ խաղակեսն ինձ ավելի գոհացրեց

Արամ Ոսկանյան. Կզարմանաք, սակայն երկրորդ խաղակեսն ինձ ավելի գոհացրեց

Հայաստանի Բարձրագույն խմբի 29-րդ տուրում տուրում գործող չեմպիոն «Ալաշկերտը» խոշոր` 3:0 հաշվով հաղթել է առաջատար «Շիրակին» և երկու թիմերի միջև տարբերությունը նվազագույնի հասցրել: Խաղից հետո երևանցիների գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն իր մեկնաբանությունը տվեց։

«Շնորհավորում եմ մեր ամբողջ թիմին: Շատ լավ հաղթանակ էր: Միգուցե կզարմանաք, սակայն ինձ ավելի շատ գոհացրեց երկրորդ խաղակեսը: Բացատրեմ՝ ինչու. մոտ 1,5 ամիս հավաքների մեջ ենք եղել, 9 ստուգողական հանդիպում ենք անցկացրել, ևս մեկը «Բանանցի» հետ նախորդ տուրում… Եվ գրեթե բոլոր խաղերում գոլ ենք բաց թողել:

Որպես թիմի մարզիչ` դա ինձ անհանգստացնում էր, որովհետև գոլային պահեր միշտ ունենում ենք: Այդ ամենից հետո 3:0 հաշվի ժամանակ դարպասն անառիկ պահելը շատ կարևոր էր: Բնականաբար, ամբողջ թիմով հետ չէինք քաշվել, որ միայն այդ խնդիրը լուծեինք, սակայն կարողացանք մրցակցին չեզոքացնել, զրկել ազատ գոտիներից, ինչը հանգեցրեց նման դրական արդյունքի»:

Առաջին կեսում, երբ երևանցիները գրեթե ամեն ինչով գերազանցում էին մրցակցին, Ոսկանյանն իրեն ավելի հանգիստ էր պահում, քան երկրորդ կեսում, երբ իր թիմը վստահորեն պահպանում էր հաղթական հաշիվը: Sport.Times.amը 41-ամյա մասնագետից տեղեկացավ, թե նման անսովոր մոտեցումն ինչով էր պայմանավորված:

«Երբ թիմն իմ կարիքն ունի, այսինքն՝ զգում եմ, որ բաներ կան, որոնք պետք է հուշեմ, «միանում եմ խաղին»: Իհարկե, երազանքի թիմ կլինի այն կոլեկտիվը, որի խաղերին մարզիչը կկարողանա հանգիստ նստել, իսկ ֆուտբոլիստներն անթերի խաղան, սակայն մենք հեռու ենք դրանից: Համաշխարհային ֆուտբոլում նույնպես, ինչպես տեսնում եք, մարզիչները գրեթե ամբողջ խաղը կանգնած են անցկացնում: Իմ կողմից հանդիպմանը միջամտելը կապված է նաև նրա հետ, որ խաղում էինք առաջատարի հետ, որը Հայաստանի առաջնությունում առանձնացել է իր կայուն խաղով: Գիտեինք նաև, որ նրանք շատ գոլեր են խփում խաղավերջում, դրա համար իմ հուշումներն ուղղված էին թիմի կենտրոնացվածությունը պահպանելուն»:

Զավեն Բադոյանը չմասնակցեց խաղին: Արամ Ոսկանյանը հայտնեց, թե Բելառուս մեկնած և արագորեն վերադարձած ֆուտբոլիստն ինչպիսի մարզավիճակում է և արդյո՞ք պատրաստ է խաղալ:

«Բադոյանն արդեն լավ մարզավիճակ է ձեռք բերում: Նա մարտի 1-ից է մեզ միացել: Մենք ունենք այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են խաղադաշտ մտնել և օգնել մեզ: Նախկինում ասել եմ, որ թիմի կազմն ընտրում ենք հաշվի առնելով մրցակցին և մեր մարտավարությունը: Այսօր փոփոխությունների հարցում չշտապեցինք և հանդիպումը սահուն կերպով տարանք դեպի հաղթանակ»,- ասաց Ոսկանյանը։

Նարեկ Բեգլարյանը շարունակում է որակազրկված մնալ: Հայաստանի չեմպիոնի մարզչին հարց տրվեց այն մասին, թե արդյոք մինչև վերադարձը հարձակվողը չի կորցնի մարզավիճակը:

«Այն ֆուտբոլիստները, ովքեր խաղերին չեն մասնակցում, հաջորդ օրը գրեթե նույն ծանրաբեռնվածությամբ մարզում են անցկացնում: Բնական է, որ դա այն ծանրաբեռնվածությունը չէ, որը պաշտոնական խաղերի ժամանակ է, սակայն մենք փորձում ենք, որ այն գոնե մոտ լինի, որպեսզի ֆուտբոլիստների աշխատանքների բալանսը պահպանվի»,- խոսքը եզրափակեց Արամ Ոսկանյանը։

 

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում