Անատոլի Այվազով. Այս պարտությունը հոգեբանական ազդեցություն չի ունենա

Անատոլի Այվազով. Այս պարտությունը հոգեբանական ազդեցություն չի ունենա

Հայաստանի առաջնության 19-րդ տուրում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Շիրակը» Երևանում 0:3 հաշվով պարտություն կրեց «Ալաշկերտից»: Գյումրեցիները տապալեցին առաջին խաղակեսը, որի ընթացքում բաց թողեցին բոլոր երեք գնդակները:

Այդ հանդիպման և այլ հարցերի շուրջ Sport.Times.am-ը զրուցեց «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովի հետ:

– Ի՞նչ պատահեց առաջին խաղակեսում:

-Նման խաղեր լինում են, հնարավոր չէ միշտ լավ հանդես գալ: Այնպես պատահեց, որ հանդիպման սկզբնամասում մի քանի սխալներ թույլ տվեցինք: Մինչ այդ կարող էինք ինքներս օգտվել մրցակցի սխալներից և գոլ խփել, որից հետո խաղն այլ ընթացք կունենար: Բաց թողած գոլերից հետո մեր թիմը հոգեբանորեն կորցրեց իրեն, ինչից հետո դժվար էր հավասարացնել խաղը:

-Այդ գոլերի դրվագներում ինչպե՞ս եք գնահատում անձամբ Ձեր խաղը:

-Բաց թողած յուրաքանչյուր գոլում դարպասապահը կարող է փրկել իր թիմին, նույնիսկ եթե դա անհնարին է թվում: Իմ խաղի գնահատականը պետք է մարզիչները տան:

-«Շիրակը» խոշոր հաշվով պարտվեց չեմպիոնական պայքարում իր գլխավոր մրցակցին: Նման պարտությունը հոգեբանական տեսանկյունից ինչպե՞ս կազդի թիմի վրա:

-Ոչ մի կերպ: Մենք մեկ միավոր ավելին ունենք, շարունակում ենք պայքարը: Այս պարտությունը չպետք է ազդի թիմի վրա. նախկինի պես խաղադաշտ ենք դուրս գալու հաղթելու նպատակով:

-Թիմում նոր` արտասահմանցի դարպասապահ կա (Վսևոլոդ Երմակով): Նրա հետ մրցակցությունն ինչպե՞ս է ազդում է Ձեր խաղի վրա:

-Երբ թիմին լավ դարպասապահ է միանում, դա միշտ դրական կերպով է ազդում այդ դիրքի մյուս խաղացողների, այս դեպքում ինձ վրա: Երբ ակումբում երկու լավ դարպասապահ կա, նրանց միջև մրցակցություն է առաջացնում, ինչը թույլ է տալիս կատարելագործվել: Մրցակցությունը միշտ դրական է ազդում:

-Պահեստայինների թվում Երմակովի ներկայության պատճառով խաղերի ժամանակ ավելի լարվա՞ծ եք լինում: Չե՞ք վախենում սխալ թույլ տալ և ինքներդ հայտնվել նրա տեղում:

-Ոչ, որովհետև եթե վախենալով պետք է խաղադաշտ մտնես՝ ավելի լավ է դա ընդհանրապես չանես: Պետք է պարզապես քո աշխատանքը կատարես, իսկ մարզիչները թող որոշեն, թե ով է ավելի ուժեղ և ավելի լավ պատրաստ:

-Այս տուրից հետո չեմպիոնական պայքարն էլ ավելի սրվեց: «Շիրակի» առջև միայն առաջին տեղը գրավելու խնդի՞ր է դրված:

-Առայժմ կենտրոնանում ենք ամեն հաջորդ մրցավեճի վրա: Շատ կարևոր է եվրագավաթներում հայտնվել: Մասնակցում ենք նաև Գավաթի մրցաշարին, այնպես որ՝ թիմի առջև վերջնական նպատակները կդրվեն, երբ կմոտենանք մրցաշրջանի ավարտին:

 

 Հայկ Հովհաննիսյան
Լուսանկարները` «Շիրակի» ու «Ալաշկերտի» մամուլի ծառայությունների

Հետևեք մեզ նաև Telegram-ում