ԻՈւ. Դել Պոտրո-Ջոկովիչի հանդիպման արդյունքը, 1/8 եզրափակչում` Նադալ-Ֆեդերեր (տեսանյութ)

ԻՈւ. Դել Պոտրո-Ջոկովիչի հանդիպման արդյունքը, 1/8 եզրափակչում` Նադալ-Ֆեդերեր (տեսանյութ)

«Մասթերս-1000» կարգ ունեցող Ինդիան Ուելսի մրցաշարում այսօր տեղի են ունեցել 1/16 եզրափակչի վերջին հանդիպումները:

Ամենասպասված մրցավեճում հանդիպել են աշխարհի երկրորդ թենիսիստ Նովակ Ջոկովիչը և Խուան Մարտին դել Պոտրոն: Առաջին երկու սեթերում սերբը և արգենտինացին մեկական հաղթանակ են տարել: Դրա համար նրանց պահանջվել է շահել մրցակցի երկու մատուցում, քանի որ մեկական անգամ զիջել են սեփականները:

Որոշիչ է դարձել երրորդ սեթը, որում Ջոկովիչը 6:1 հաշվով վստահորեն հաղթել է: Գրեթե 2,5 ժամ տևած հանդիպման վերջնական հաշիվն է 7:5, 4:6, 6:1:

Հաջորդ փուլում 29-ամյա սերբի մրցակիցը կլինի Նիք Կիրյոսը: Ավստրալացին այսօր 6:3, 6:4 հաշվով առավելության է հասել Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևի նկատմամբ:

Համառ պայքար է ընթացել Ռոջեր Ֆեդերերի և Սթիվ Ջոնսոնի մրցախաղում: Երկու թենիսիստներն էլ այնքան հաջող են իրացրել սեփական մատուցումները, որ ամբողջ խաղի ընթացքում միայն մեկ գեյմում է բրեյքի հնարավորություն եղել, սակայն ամերիկացին կարողացել է փրկվել: Հանդիպման ելքը որոշվել է թայ-բրեյքերում, որոնցում շվեյցարացին ավելի հաջող է գործել: Գրանցվել է 7:6 (3), 7:6 (4) հաշիվը:

1/8 եզրափակչում կկայանա թենիսի պատմության գլխավոր դիմակայություններից մեկի հերթական հանդիպումը. Ռոջեր Ֆեդերերը կմրցի Ռաֆայել Նադալի հետ: Իսպանացին այսօր 6:3, 7:5 հաշվով պարտության է մատնել իր հայրենակից Ֆերնանդո Վերդասկոյին:

Խաղային օրվա մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

Կեյ Նիշիկորի – Ժիլ Մյուլեր` 6:2, 6:2
Դոնալդ Յանգ – Լյուկա Պուիլ` 6:4, 1:6, 6:3
Մալիկ Ժազիրի – Թելյոլ Ֆրիտց` 6:4, 3:6, 6:3
Ջեք Սոք – Գրիգոր Դիմիտրով` 6:3, 3:6, 7:6 (7)

Հետևեք մեզ նաև Telegram-ում