Գվարդիոլա. Երկրորդ խաղակեսը հիանալի էր, առաջինում մոռացանք խաղադաշտ մտնել

Գվարդիոլա. Երկրորդ խաղակեսը հիանալի էր, առաջինում մոռացանք խաղադաշտ մտնել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի` Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին: «Քաղաքայինները» 1/8 եզրափակչի պատասխան մրցավեճում 1:3 հաշվով զիջել են «Մոնակոյին» (ընդհանուր` 6:6) և մրցակցի հարկի տակ ավելի քիչ գոլ խփելու պատճառով դուրս են մնացել պայքարից:

«Մենք հիանալի երկրորդ խաղակես անցկացրեցինք, սակայն առաջինում մոռացանք խաղադաշտ մտնել: Ծրագրել էինք մրցակցի գրոհների ժամանակ ագրեսիվ պաշտպանվել: Միայն մեկ խաղակեսում մրցակցից ուժեղ լինելը բավական չէր:

Սովորաբար մենք բարձրակարգ ֆուտբոլ ենք ցուցադրում, սակայն այս անգամ այդպես չէր: Դաս կքաղենք այս պարտությունից, դեռ քիչ փորձ ունենք: Երկրորդ կեսում գոլ խփելու բազմաթիվ պահեր ունեինք, սակայն չօգտվեցինք դրանցից: Հենց այդ պատճառով դուրս մնացինք Չեմպիոնների լիգայից:

Այս մակարդակի մրցաշարերում շատ կարևոր են ստանդարտ իրավիճակների խաղարկումները: Նախորդ շաբաթ տեսանք, թե ինչպես «Բարսելոնան» ու «Ռեալը» Չեմպիոնների լիգայում ստանդարտների խաղարկումներից գոլեր խփեցին: Մեզ դա չհաջողվեց:

Չեմպիոնների լիգան բարձրակարգ մրցաշար է: Երբեմն այստեղ հաջողություն ու յուրահատուկ ինչ-որ բան է հարկավոր: «Մոնակոյի» դեմ այս մրցավեճում մենք երկուսն էլ չունեինք»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում «BBC Sport»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում