Ի՞նչ է ՈւԵՖԱ-ն անելու «Բարսելոնա»-«Պարի Սեն Ժերմեն» խաղի մրցավարի հետ

Ի՞նչ է ՈւԵՖԱ-ն անելու «Բարսելոնա»-«Պարի Սեն Ժերմեն» խաղի մրցավարի հետ

Դենիզ Այտեկինը մեծ խնդիրներ ունի: Մրցավարը, ով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլում գրեթե չէր աշխատել, այսօր հայտնի է ամբողջ աշխարհին: Նրա անունը հիմա պատմության էջերին է. «Բարսելոնայի» քամբեքի կողքին, շատերի համար՝ քամբեքի փոխարեն: Նրա ճակատագիրն անձամբ Պիեռլուիջի Կոլինային է հետաքրքիր: Եվ ոչ միայն հետաքրքիր․ մրցավարական աշխարհի լեգենդը համակարգում է ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հովանո ներքո անցկացվող մրցաշարերի մրցավարների ընտրությունը և հիմա մրցավարական խորհրդի հետ վճռելու է Այտեկինի ճակատագիրը:

Լուրեր են շրջանառվում, թե ՈւԵՖԱ-ն ոչ մի նկատողություն էլ չի անելու Այտեկինին, սակայն պաշտոնական հայտարարության դեռ չկա, և բացի այդ՝ ներքին որոշումները կարող են ոչ թե անմիջապես, այլ ժամանակի ընթացքում զգացվել․․․

Հնարավոր պատիժների շարքում են՝ իջեցում մինչև Եվրոպա լիգա, մինչև կարիերայի ավարտը եվրագավաթների խաղերը սպասարկելու արգելք, կարևորագույն խաղերի ժամանակ աշխատելու ցմահ արգելք:

Ծանր խաղ էր: Մթնոլորտը, կարգավիճակը, կարևորությունը. այս բոլորը հոգեբանորեն ճնշում էին, իսկ Այտեկինի կամային հատկանիշերն անբավարար էին։ Քիչ են մրցավարները, որոնք նման խնդիր չէին ունենա: Ճնշումը մրցավարին դուրս հանեց աշխատանքային ռիթմից: Հարցը սա է՝ որքա՞ն է Այտեկինի մեղքը մեծ նրան եվրագավաթներում աշխատելուց հավերժ զրկելու համար: 

Պահ առաջին. Նեյմար

Դրվագ, որից հետո «Բարսելոնան» առավելությունն ավելացրեց երեք գնդակով: Ի՞նչ կատարվեց.

  • Մենյեն կորցրեց հավասարակշռությունը
  • ոտքով ծոծրակին հպում եղավ
  • Նեյմարն ընկավ
  • Մեսսին իրացրեց 11-մետրանոցը

ՖԻՖԱ-ի գրքույկում միայն կանոններ չեն զետեղված: Այնտեղ նաև մեկնաբանություններ կան: Բանն այն է, որ Մենյեն ավելի մոտ էր գնդակին: Նրա գործողությունները դիտավորյալ չէին: Դա գործողություն էր, պահ, որը կախված չէր պաշտպանից:

Բարդ պահ էր: Վիճահարույց: Անգամ խաղից հետո ՖԻՖԱ-ի նախկին մրցավարների ու փորձագետների կարծիքը չի համընկնում: Այտեկինի համար 100 անգամ ավելի բարդ էր: Նա այդ մեկնաբանությունները պետք է հիշեր «Կամպ Նոու» մարզադաշտի խելահեղ մթնոլորտում, «Բարսելոնայի» ֆուտբոլիստների ճնշման ներքո:

Մի կողմից հպում կար, մյուս կողմից՝ ծոծրակին հարված: Հարցն այն է, թե արդյո՞ք ՈւԵՖԱ-ի մրցավարական խորհուրդը հաշվի կառնի Մենյեի ընկնելու դիտավորյալ լինել-չլինելը: 

Պահ երկրորդ. Անխել դի Մարիա

Դրվագ, որտեղ ամփոփվում է ամեն ինչ: Ավելին, քան 11-մետրանոցը Սուարեսի դեպքում: Դի Մարիան հարվածելու պահ ուներ, Խավիեր Մասկերանոն խախտում կատարեց հենց այդ պահին։ 

Տեսագրություններից երևում է, որ խախտում կար, բայց տեսագրություններ հարկավոր էլ չեն, քանի որ անձամբ Մասկերանոն խոստովանել է, որ խախտում է կատարել: Խաղի միակ լիարժեք 11-մետրանոցը: Արդյունքում այն չնշանակվեց:

Պահ երրորդ. Սուարես

Լուիս Սուարեսը հիանալի հարձակվող է: Նա վտանգավոր է աշխարհի ցանկացած պաշտպանության համար, բայց նաև․․․ Կարճ լինենք՝ Սուարեսն ազնվության մարմնացում չէ և երբեմն սիմուլյացիների է դիմում։ Սա նորություն չէ, ոչ էլ գաղտնիք: Պատմություն կա այն մասին, որ Լուիսն իր խաղերի տեսագրությունները ցանկացել է նվիրել Դանիել Ագերի որդուն, սակայն «Լիվերպուլի» պաշտպանն արգելել է՝ ասելով․ «Տղաս ցանկանում է ֆուտբոլիստ դառնալ, ոչ թե օլիմպիական ջրացատկորդ»: 

Բայց մենք Սուարեսի մասին չենք խոսում: Մենք մրցավարի մասին ենք խոսում: Դրվագում հպում կար: Համարվում է, որ կար։ Սուարեսը միանգամից չկողմնորոշվեց, թե որտեղ էր այդ հպումը, բայց գրավիչ ընկավ․․․ Ինչպե՞ս չօգնես ընկածին․․․

ՈւԵՖԱ

Այլ պահեր էլ կային՝ ձեռքեր երկու տուգանային հրապարակներում էլ, Նեյմարի ու Վերատիի պահվածքը․․․ Բայց խորհուրդը դժվար թե դրանք քննարկի, չէ՞ որ ամեն ինչ 11-մետրանոցների հետ է կապված:

Խաղում մեկ լիարժեք 11-մետրանոց կար, որի նշանակումը հարցեր չէր առաջացնի։ Դա Անխել դի Մարիայի դրվագում էր: Եվ հենց այդ 11-մետրանոցն Այտեկինը համարձակվեց չնշանակել: Ազդե՞ց այդ որոշումը հաշվի վրա: Միանշանակ: Երբ 3:1 հաշվի ժամանակ 11-մետրանոցը չի նշանակվում, դա չի կարող վերջնական արդյունքի վրա ազդեցություն չունենալ:

Հարցն այն չէ, թե արդյո՞ք Այտեկինն արժանի է պատժի: Հարցը մեղավորության չափն է:

Պատմական քամբեքով տարված աշխարհը մոռացավ, որ դա ընդամենը խաղ էր: Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ առաջին փուլի խաղ, իսկ Այտեկինը քամբեք չէր անում, ոչ էլ եզրափակիչ սպասարկում․․․

Ամեն դեպքում, երբ ՈւԵՖԱ-ն հրապարակի որոշումը, չշտապեք վիճել: Հիշեք, որ դա ընդամենը խաղ էր: Հիշեք, որ դուք ևս սխալվում եք: Հիշեք, որ սխալվել է անգամ այն լեգենդար մրցավարը, ումից այժմ կախված է Այտեկինի ճակատագիրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում