Այսօր կկայանան Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչների վիճակահանությունները

Այսօր կկայանան Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչների վիճակահանությունները

Այսօր Շվեյցարիայի Նյոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայանալու է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի 2016-2017թթ․ խաղարկությունների 1/4 եզրափակիչների վիճակահանությունը։ Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը մեկնարկելու է Երևանի ժամանակով 15։00-ին, Եվրոպա լիգայինը՝ 16։00-ին։

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ են դուրս եկել՝

  • «Ատլետիկո» (Իսպանիա)
  • «Բավարիա» (Գերմանիա)
  • «Բարսելոնա» (Իսպանիա)
  • «Բորուսսիա Դորտմունդ» (Գերմանիա)
  • «Լեսթեր» (Անգլիա)
  • «Մոնակո» (Ֆրանսիա)
  • «Ռեալ» (Իսպանիա, գործող գավաթակիր)
  • «Յուվենտուս» (Իտալիա)

1/4 եզրափակչի զույգերը կազմվելու են «կույր վիճակահանության» արդյունքում։ Այս փուլում կարող են հանդիպել միևնույն ֆուտբոլային ասոցիացիան ներկայացնող թիմերը։ Այն թիմը, որի անունը զամբյուղից առաջինը կհանեն, առաջին հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ։ 1/4 եզրափակչի առաջին խաղերը կկայանան ապրիլի 11-ին և 12-ին, պատասխան հանդիպումները՝ ապրիլի 18-ին և 19-ին։ Արդեն ապրիլի 21-ին նախատեսված է անցկացնել կիսաեզրափակչի վիճակահանությունը։

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչում խաղալու են՝

  • «Անդերլեխտ» (Բելգիա)
  • «Այաքս» (Հոլանդիա)
  • «Բեշիկթաշ» (Թուրքիա) 
  • «Գենկ» (Բելգիա)
  • «Լիոն» (Ֆրանսիա)
  • «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
  • «Սելտա» (Իսպանիա)
  • «Շալկե 04» (Գերմանիա)

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանության հետ կապված ևս սահմանափակումներ չկան։ Այս դեպքում ևս այն թիմը, որի անունն առաջինը կհանեն զամբյուղից, առաջին խաղը կանցկացնի սեփական դաշտում։ Այս փուլի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 13-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 20-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում