Ինդիան Ուելս․ Կիրյոսը հրաժարվել է Ֆեդերերի հետ խաղից

Ինդիան Ուելս․ Կիրյոսը հրաժարվել է Ֆեդերերի հետ խաղից

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն առանց պայքարի դուրս է եկել Ինդիան Ուելսի «Մասթերս-1000» կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ֆեդերերի՝ 1/4 եզրափակչի մրցակիցը՝ ավստրալացի Նիկ Կիրյոսն առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է պայքարից։

«Ցավոք, այսօր չեմ կարողանա խաղալ, քանի որ ինձ վատ եմ զգում։ Հույս ունեմ՝ պարզապես թունավորվել եմ և լրջորեն անհանգստանալու անհրաժեշտություն չի լինի։ Ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել, այժմ ուժ չունեմ Ռոջերի հետ համապատասխան մակարդակով խաղալու համար։

Բարդ որոշում է, քանի որ նման խաղերի եմ մարզվում, բայց չեմ կարող կորտ դուրս գալ։ Ներողություն եմ խնդրում երկրպագուներից, բայց առողջությունն առաջին տեղում է։ Հույս ունեմ՝ կհասկանաք ինձ։ Ռոջերին հաջողություն եմ մաղթում, իսկ մրցաշարի կազմակերպիչներին շնորհակալություն եմ հայտնում։ Ես անպայման կվերադառնամ այստեղ»,- հայտարարել է Կիրյոսը։

Կիսաեզրափակիչ փուլում Ռոջեր Ֆեդերերը խաղալու է Ջեք Սոք-Կեի Նիսիկորի զույգի հաղթողի հետ, իսկ եզրափակչի մյուս ուղեգրի համար պայքարելու են Ստեն Վավրինկան և Պաբլո Կարենյո-Բուստան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում