Աշոտ Բարսեղյան․ Ոչ մեկի համար հեշտ չէ խաղալ Գյումրիում

Աշոտ Բարսեղյան․ Ոչ մեկի համար հեշտ չէ խաղալ Գյումրիում

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում «Շիրակի» նկատմամբ տոնած հաղթանակի (2:1) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

«Բոլորդ էլ տեսաք, թե ինչ մեծ ցանկությամբ էին այսօր հանդես գալիս երկու թիմերն էլ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ է նշանակում Գյումրիում խաղալը, այն էլ «Շիրակի» հետ։ Այստեղ խաղալու համար պետք է ավելի շատ պատրաստվես։ Ոչ մեկի համար հեշտ չէ Գյումրիում։

Ստացվեց բավականին ծանր հանդիպում, եղանակային պայմաններն էլ իրենը ասեցին։ Բայց փառք տղաներին, որ կարողացանք նվիրվել ամբողջությամբ և հաղթանակի հասնել։ Առաջին կեսում մենք գոլ խփելու լավ հնարավորություններ ունեցանք, բայց չօգտագործեցինք։ Երկրորդ կեսում, երբ դաշտն ամբողջությամբ ձնով էր պատված, սահելու վտանգ կար, հիմնական պայքարն ընթանում էր միմյանց դարպասների մոտ։ Կարողացանք երկու գոլ խփել, որից հետո «Շիրակը» սկսեց ճնշում գործադրել մեզ վրա։ Ստացվեց այնպես, որ երկու դարպասների մոտ էլ վտանգավոր պահեր եղան»,- Աշոտ Բարսեղյանի խոսքը փոխանցում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում