Արտակ Օսեյան. Մեր ֆուտբոլիստները մեծ նվիրումով խաղացին

Արտակ Օսեյան. Մեր ֆուտբոլիստները մեծ նվիրումով խաղացին

Հայաստանի առաջնության 20-րդ տուրի վերջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել է «Բանանցին»: Խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն իր մեկնաբանությունն է տվել։

«Բավական սկզբունքային հանդիպում էր մեզ համար: Այս 3 միավորը չափազանց կարևոր էր, այդ պատճառով մեր ֆուտբոլիստները մեծ նվիրումով խաղացին: Որակական տեսանկյունից ավելի լավ խաղացին, քան նախորդ մրցավեճում»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արտակ Օսեյանը։

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Ղազախստանի հետ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի հավաքական է հրավիրվել «Փյունիկի» մեկ ֆուտբոլիստ՝ Արթուր Քարտաշյանը: Հաշվի առնելով, որ երկար տարիներ երևանցիներն ազգային ընտրանու բազային թիմն էին, հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի որոշումն ինչ-որ տեղ պատմական է: Այս հարցի շուրջ Արտակ Օսեյանն իր կարծիքն ունի.

«Հաշվի առնելով առաջնության վերսկսումից հետո անցկացրած մեր խաղերը՝ այդպես էլ պետք է լիներ: Արդեն ասել եմ, որ այդ խաղերում հաջող չէինք գործում»:

Օսեյանին հարց տրվեց՝ արդյոք նա արժանի է համարում Քարտաշյանի` հավաքական հրավիրվելը, ինչին մասնագետը տվեց հետևյալ պատասխանը․ «Եթե հրավիրել են, ուրեմն արժանի է»:

Ազգային հավաքականների հանդիպումների պատճառով առաջնությունում երկշաբաթյա դադար է լինելու: Օսեյանն ասաց, թե թիմն ինչպես է անցկացնելու այդ ժամանակահատվածը․

«Ինչպես միշտ «Փյունիկի» մեծ թվով խաղացողներ մեկնելու են երիտասարդական հավաքական: Թիմում մնացած ֆուտբոլիստների հետ աշխատանքներ կտարվեն»:

«Բանանց»-«Փյունիկ» մրցավեճում առաջին հայացքից հավասար կազմերով թիմեր էին խաղում, սակայն հյուրերը, կարծես, ավելի լավ պատկերացում ունեին, թե ինչպես պետք է վարվեն այս կամ այն իրավիճակում: Այդ կապակցությամբ Sport.Times.am-ը «Փյունիկի» մարզչից հետաքրքրվեց, թե խաղային ծրագիրը որքանով հաջողվեց իրագործել:

«Գիտենք, որ «Բանանցը» սիրում է կարճ ու միջին փոխանցումներով խաղալ, ուստի ծրագրել էինք բարձր պրեսինգով գործել, անընդհատ ճնշել և գնդակը խլելուց հետո արագորեն ազատ գոտիներ ներխուժել: Կարծում եմ` ստացվեց: Պատահական չէ, որ նման հաշիվ գրանցվեց»:

Վերջում երիտասարդ մարզիչը խոսեց նաև Գևորգ Հարությունյանի մասին, ով «Փյունիկին» է միացել Կազանի «Ռուբինից»:

«Գևորգը շատ լավ տպավորություն է թողնում: Խաղից խաղ նա ավելացնում է: Վստահ եմ, որ ավելի հաջող է գործելու»:

 

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում