Ինդիան Ուելս. Ֆեդերերը եզրափակչում հաղթեց Վավրինկային (տեսանյութ)

Ամերիկյան Ինդիան Ուելսում ավարտվել է «Մասթերս-1000» կարգի թենիսի մրցաշարը: Եզրափակչում Ռոջեր Ֆեդերերը 6:4, 7:5 հաշվով հաղթել է Ստեն Վավրինկային և դարձել չեմպիոն:

Ընդամենը 30 րոպե տևած առաջին սեթում 35-ամյա թենիսիստը շահել է Վավրինկայի 1 մատուցում, ինչը որոշիչ է դարձել: Երկրորդ սեթը սկսվել 31-ամյա Վավրինկայի կատարած բրեյքով, սակայն Ֆեդերերն արագորեն հավասարացրել է հաշիվը, իսկ երբ բոլորը սպասում էին, որ թայ-բրեյք կխաղարկվի, նա հաղթել է մրցակցի մատուցումը:

Ֆեդերերի համար այդ տիտղոսը 25-րդն էր «Մասթերս» կարգի մրցաշարերում: Իր ընդհանուր տիտղոսների թիվը շվեյցարացին հասցրեց 90-ի: Ինդիան Ուելսում Ռոջերը չեմպիոն դարձավ 5-րդ անգամ, ինչը Նովակ Ջոկովիչի ռեկորդի կրկնությունն է:

Այսպիսով, 2007 թվականից հետո առաջին անգամ Ֆեդերերը մեկ տարում հաղթել է Ավստրալիայի Բաց առաջնությունում ու Ինդիան Ուելսում։ 2017 թվականի չեմպիոնական պայքարում շվեյցարացին ակնհայտ առաջատարն է: Նա գրեթե երկու անգամ առաջ է երկրորդ տեղում ընթացող Ռաֆայել Նադալից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում