Ստեփան Ղազարյան. Շատ բարդ իրավիճակում ենք գտնվում

Հայաստանի առաջնության 20-րդ տուրում «Բանանցը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջեց «Փյունիկին»: Առաջնության վերսկումից հետո առաջին անգամ «Բանանցի» դարպասն էր պաշտպանում թիմի ավագ Ստեփան Ղազարյանը: Sport.Times.am-ը 32-ամյա ֆուտբոլիստի հետ զրուցել է «Փյունիկի» հետ հանդիպման, երևանյան թիմի անհաջող շարքի (6 ամիս առանց հաղթանակի) ու մեկնարկային կազմ վերադառնալու մասին:

-Ո՞րն է նման հաշվով «Փյունիկից» կրած պարտության պատճառը:

-Խաղը լավ սկսեցինք, ունեինք գոլային պահեր, սակայն չկարողացանք օգտագործել դրանք: Այնուհետև մրցակիցն իրացրեց իր պահը, ինչի արդյունքում խաղը փոխվեց:

-Բաց թողած գոլերից ո՞րը կարող էիք թույլ չտալ:

-Միանշանակ ինձ վրա եմ վերցնում բաց թողած գնդակների պատասխանատվությունը, իմ մեղավորությունը կա այդ գոլերի ժամանակ: Եթե գոլ է գրանցվել, ուրեմն դարպասապահը մեղավոր է. ես այդպիսի մոտեցում ունեմ: Պետք է աշխատենք, որ մյուս անգամ նույն սխալները թույլ չտանք:

-11-մետրանոցի դրվագում «Փյունիկի» հարձակվողի հետ հպում կա՞ր:

-Չեմ զգացել: Ես միայն ուժեղ ցավ զգացի ոտքիս հատվածում, սակայն չգիտեմ՝ «Փյունիկի» խաղացողին դիպչե՞լ եմ, թե՞ ոչ: Տեսագրությունը ցույց կտա:

-Չէի՞ք վախենում, որ մրցավարը կարող է այդ խախտումը որպես «վերջին հույսի» դիտարկել և Ձեզ կարմիր քարտ ցույց տալ:

-Ես չեմ «գնացել» խախտման: Եթե կար հպում, ապա ավելի շուտ նրանց հարձակվողի` իմ կողմը գալու պատճառով էր:

-«Բանանցը» շատ վաղուց հաղթանակ չի տոնել: Թիմում հոգեբանական վիճակն ինչպիսի՞ն է:

-Շատ բարդ իրավիճակում ենք գտնվում: Հարկավոր է հաղթանակ տոնել, որպեսզի դուրս գանք այդ հոգեբանական վիճակից: Որքան շուտ լինի այդ հաղթանակը, այնքան շուտ դուրս կգանք այս վիճակից:

-Պաշտպանողական գիծը բավականին թարմացվել է: Խաղադաշտում նրանց հետ համագործակցությունն ինչպե՞ս կգնահատեք:

-Եթե երեք գոլ ենք բաց թողել, նշանակում է համագործակցությունը դեռ լավը չէ: Միայն գոլ բաց չթողնելու դեպքում հնարավոր կլինի ասել, որ դարպասապահի ու պաշտպանների համագործակցությունը հղկվել է:

-Նախորդ հանդիպումներում «Բանանցի» դարպասապահն Արամ Հայրապետյանն էր: Մեկնարկային կազմում չհայտնվելն ինչպե՞ս էր ազդել Ձեզ վրա:

-Մրցակցությունը ֆուտբոլի մի մասն: Յուրաքանչյուր խաղացող բոլոր հանդիպումների և մարզումների ժամանակ պետք է ապացուցի, որ ինքը պատրաստ է մեկնարկային կազմում հայտնվելուն: Նորմալ եմ համարում, որ Արամն էր խաղում, դա հենց այդ մրցակցության մասին է խոսում:

Լուսանկարները` «Բանանցի» պաշտոնական կայքի

Հետևեք մեզ նաև Telegram-ում