Նոր կանոններ ըմբշամարտում

Ըմբշամարտի կանոնները հերթական անգամ կենթարկվեն փոփոխության: Ինչպես հայտնում է ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW), յուրաքանչյուր ոճում քաշային կարգերն 8-ի փոխարեն կլինեն 10-ը:

Յուրաքանչյուր քաշային կարգում մրցումները կանցկացվեն երկու օր:Քաշային կարգերի փոփոխությունը հաստատման կներկայացվի այս տարի, Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ` UWW-ի համաժողովում:

Հաստատվելու դեպքում մեծահասակների, Մ-23 տարեկանների ու երիտասարդների նոր քաշային կարգերն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունվարի 1-ից:

Երկօրյա մրցութային ձեւաչափը կկիրառվի պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների ժամանակ, որոնք տեղի կունենան, համապատասխանաբար, հուլիսին՝ Սարաեւոյում եւ սեպտեմբերին՝ Աթենքում:

Եթե այս նորամուծությունը վերջնականապես հաստատվի, այն եւս ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից:

Այս ձեւաչափի դեպքում ըմբիշները կկշռվեն մրցութային յուրաքանչյուր առավոտ` երկրորդ օրվա համար 2 կգ փոփոխության թույլտվությամբ:

Աշխարհի առաջնության մրցաշարային ցանկում, առաջատարների ավելի արդարացի բաշխման նպատակով, UWW-ի բյուրոյի անդամները քվեարկել են ըմբիշների ամենամյա վարկանիշային աղյուսակ ստեղծելու համար:

Այս տարվա` Փարիզի աշխարհի առաջնությունում վարկանիշը կորոշվի Ռիո-2016-ի եւ 2017 թ-ի մայրցամաքային առաջնությունների արդյունքներով:

Ակնկալվում է, որ հաջորդ մրցաշրջանից սկսած, վարկանիշային աղյուսակը որոշելիս հաշվի կառնվեն նաեւ մի քանի այլ մրցաշարերի արդյունքներ:

«Այս բարեփոխումները մեծ առավելություն կտան մեր մարզաձեւին: Այն ավելի դիտարժան կդառնա հանդիսատեսի եւ ըմբիշների համար»,- նշել է UWW-ի նախագահ Նենադ Լալովիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում