Լուիս Էնրիկե. «Ռեալ» – «Բարսելոնա» խաղը չեմպիոնական պայքարում որոշիչ չի լինի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ամփոփել է Պրիմերայի 28-րդ տուրի «Վալենսիայի» հետ հանդիպումը, ինչպես նաև կարծիք հայտնել չեմպիոնական պայքարում Կլասիկոյի նշանակության շուրջ:

«Պաշտպանությունից գործող թիմի դեմ «Բարսելոնան» լավ խաղ ցուցադրեց: Մենք շատ գոլային պահեր ստեղծեցինք: «Վալենսիան» անարժանորեն բացեց հանդիպման հաշիվը: նման իրավիճակներում հայտնվելուց հետո սովորաբար խնդիրներ ենք ունենում: Մեր խաղում անհավասարակշռություն է լինում, բայց դա նորմալ է: Փորձում ենք կազմակերպվածության ու պրեսինգի շնորհիվ կրճատել այդ դիսբալանսը:

Չեմ կարծում, թե «Ռեալի» հետ հանդիպումը չեմպիոնական պայքարում որոշիչ կլինի: Մրցաշարային աղյուսակում շատ խիտ պայքար է ընթանում, առջևում շատ խաղեր կան: Գրեթե անհնար է հաղթել բոլոր այդ հանդիպումներում»,- ասել է 46-ամյա մասնագետը:

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրից հետո «Բարսելոնան» ունի 63 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը և առաջատար «Ռեալին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել, զիջում է 2 միավորով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում