«Բարսելոնան» 3 տարվա պայմանագիր է առաջարկել Ալեգրիին

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է «Բարսելոնայում» դառնալ Լուիս Էնրիկեին փոխարինողը:

Կատալոնական ակումբի ներկայացուցիչները արդեն մի քանի գաղտնի հանդիպումներ են ունեցել 49-ամյա մասնագետի հետ, այդ թվում Չեմպիոնների լիգայի` «Պորտուի» հետ խաղերից առաջ,- պնդում է «Mediaset»-ը:

Ալեգրիին առաջարկվել է 3 տարվա պայմանագիր, ըստ որի նրա տարեկան աշխատավարձը կկազմի 8,5 միլիոն եվրո: Իտալացին «Ծեր սինյորային» արդեն տեղեկացրել է, որ չի պատրաստվում երկարաձգել համաձայնագրի ժամկետը:

«Կապտանռնագույնների» ղեկավարության կազմում դեռ քննարկումներ են ընթանում նոր գլխավոր մարզչի հարցում: Լրջորեն դիտարկվում է նաև Լուիս Էնրիկեի օգնական Խուան Կարլոս Ունսուեի թեկնածությունը: Հավակնորդների թվում է նաև Բիլբաոյի «Ատլետիկը» գլխավորող Էրնեստո Վալվերդեն:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ալեգրին կարող է «Արսենալում» փոխարինել Արսեն Վենգերին:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսն» ու «Բարսելոնան» հանդիպելու են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում