Ջոկովիչ․ Ինձ դադար է հարկավոր

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դաստակի վնասվածքի պատճառով չի մասնակցելու Մայամիի «Մասթերս-1000» շարքի մրցաշարին։

-Բժիշկս խորհուրդ չի տալիս խաղալ, քանի որ վերջին ամիսներին ինձ անհանգստացնող դաստակի վնասվածքն հիմա ավելի վատ վիճակում է։ Ինձ դադար է հարկավոր։ Ինձանից կախված ամեն ինչ կանեմ հնարավորինս շուտ կորտ վերադառնալու համար, բայց ցավոք չեմ կարողանա հանդես գալ Մայամիում և պաշտպանել տիտղոսս։ Ես շատ հիասթափված եմ, քանի որ հենց Մայամիում եմ նվաճել իմ առաջին «Մասթերսը», ապա դեպի ATP վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնական տանող քայլեր արել։

Իզուր չեն ասում, որ ամենամեծ և ցավալի պարտությունները լինում են ոչ թե մրցակիցների, այլ վնասվածքների պատճառով։ Իմ բախտը բերել է, որ կարիերայիս ընթացքում խուսափել եմ լուրջ վնասվածքներից, սակայն հիմա ստիպված պատասխան եմ տալիս վերջին տարիների անհավանական ռիթմի, ակտիվության համար։ Բոլորին շնորհակալ եմ աջակցության և սիրո համար։ Շնորհակալ եմ, որ հավատում եք ինձ,- հայտարարել է սերբ թենիսիստը։

Հավելենք, որ 2005 թվականից ի վեր առաջին անգամ Մայամիի հեղինակավոր մրցաշարին չեն մասնակցի և՛ Նովակ Ջոկովիչը, և՛ աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում