Վարդան Բիչախչյան. Մրցանակն ամբողջ ակումբինն է

«Տարվա լավագույն մարզիչ» մրցանակին արժանանալուց հետո «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա իր կատարած աշխատանքի գնահատական է;

«Մրցանակը միայն իմը չէ, ամբողջ ակումբինն է՝ սկսած ֆուտբոլիստներից և վերջացրած ադմինստրատիվ կազմով, քանի որ միասին ենք աշխատել»,- ասաց մարզիչը։

Այն դիտարկմանը, որ այս անգամ «Շիրակից» հավաքական է հրավիրվել միայն Անատոլի Այվազովը, Վարդյան Բիչախչյանը պատասխանեց, որ հավաքականի մարզիչը ներկա է գտնվում տուրի բոլոր խաղերին.

«Եթե միայն նրան է հրավիրվել, ուրեմն մարզիչն այդպես է որոշել»,- ասաց Բիչախչյանը։

Վարդան Բիչախչյանն անդրադարձավ նաև այն փաստին, որ լրագրողները քվեարկության ժամանակ նրա անունը չէին նշել առաջին հորիզոնականում․

«Յուրաքանչյուրն իր քվեարկության տերն է, թող ամեն մեկը մտածի՝ սխալվե՞լ է, թե՞ ճիշտ է արել: Յուրաքանչյուրն ունի կարծիք արտահայտելու իրավունք»:

39-ամյա մասնագետը խոսեց նաև Դավիթ Հակոբյանի մասին, ով առաջնության վերսկսումից հետո թիմում չէ․

«Միայն կարող եմ ասել, որ երբ թիմը արձակուրդից վերադարձավ, նրան չեմ տեսել»:

Անդրդառնալով «Շիրակի» վերջին խաղերի անհաջողություններին և առաջնության առաջին հորիզոնականը կորցնելուն, Վարդան Բիչախչյանն ասաց, որ կան հոգեբանական խնդիրներ․

«Մրցաշրջանը երկար է, ու միշտ հնարավոր չէ գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Եթե լավ չես խաղում, միավորներ ես կորցնում: Սպորտում պարտությունն ու հաղթանակը կողք կողքի են քայլում: Կփորձենք արագ վերգտնել մեր խաղը ու հաղթանակ տանել»:

Վերջում Վարդան Բիչախչյանը խոսեց հավաքականի առաջիկա խաղի մասին՝ ընդգծելով, որ չի ուզում հաշիվ կանխագուշկել․

«Ցանկություն ունեմ, որպեսզի հավաքականի վերջին խաղի էմոցիաները շարունակական լինեն։ Հաղթանակ եմ ցանկանում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում