Արթուր Թովմասյան․ Ոչ մի մարզիկ հեշտ ճանապարհով չի անցնում

Դոհայում անցկացվող մարմնամարզության աշխարհի գավաթում Արթուր Թովմասյանն օղակների վարժությունում 15,133 միավորով գրավեց առաջին հորզոնականը։ Ծնկի բարդ վիրահատությունից հետո սա նրա առաջին միջազգային մրցաշարն էր։

Sport.Times.am-ի հետ զրույցում Արթուրը նշեց, որ մինչ որակավորման փուլը կար որոշակի անվստահություն․

«Մեկ տարվա դադարից հետո այդ անվստահությունը բնական էր, բայց որակավորման փուլից հետո ամեն ինչ շտկվեց և ինձ լավ էի զգում։ Մինչ Եվրոպայի առաջնությունը ժամանակ կա շտկելու և կատարելագործելու որոշ բաներ»,- ասաց մարմնամարզիկը։

Թովմասյանը չցանկացավ սեփական ելույթին գնահատական տալ՝ նշելով, որ դա մարզիչների գործն է։ Խոսելով ծնկի վիրահատության մասին՝ մարզիկն ասաց, որ դեռ լիովին չի ապաքինվել.

«Չեմ կարող ասել լրիվ ապաքինված եմ և ծունկս լիարժեք առողջ է, բայց մարզումային գործընթացին չի խանգարում։ Ունենում եմ որոշ ցավեր, բայց դրանց մասին միայն ես եմ իմանում։ Ոչ մի մարզիկ հեշտ ճանապարհով չի անցնում»։

Անդրադառնալով թիմակից Վահագն Դավթյանի ելույթին՝ Արթուրը նշեց, որ չնայած մարզիչներն ու մրցավարներն ավելի ճիշտ գնահատական կտան, բայց իր տեսանկյունից Վահագնին փոքր ինչ ցածր գնահատեցին (Վահագն Դավթյանը 14․966 միավորով  (9.300՝ բարդություն + 8.666՝ կատարում) զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը)։

«Կարծում եմ, որ փոքր ինչ վրիպում եղավ մրցավարների կողմից․ Վահագնը պետք է ավելի բարձր գնահատվեր»,- խոսքը եզրափակեց Արթուր Թովմասյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում