Արմեն Մկրտչյան․ Փորձեցի Դավիթ Սաֆարյանի հետ կապ հաստատել, բայց չստացվեց

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի շրջանակում մարտի 26-ից ապրիլի 9-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վլադիկավկազում։

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում տեղեկացրել է, որ հավաքին հրավիրել է 11 մարզիկ.

«Հավաքին հրավիրել եմ առաջին համարներին և ծանր քաշային կարգերի երկրորդ համարներին: Թիմի կազմում է նաև Լևան Բերիանիձեն: Առայժմ նա քաշի խնդիր ունի, բայց փորձում ենք լուծել այդ հարցը:

Փորձեցի Դավիթ Սաֆարյանի հետ կապ հաստատել, բայց չստացվեց: Վերջիվերջո աշխարհի չեմպիոն է, կցանկանայի իմանալ` ինչ ծրագրեր ունի»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:

Ուսումնամարզական հավաքին կմասնակցեն Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը և Վարուժան Կոջոյանը (երկուսն էլ` 74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Շամիր Աթյանն ու Գեորգի Կետոևը (երկուսն էլ` 97 կգ), Լևան Բերիանիձեն և Անդրանիկ Գալստյանը (երկուսն էլ` 125 կգ):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում