Հակոբ Սերոբյան. Անակնկալ էր, որ զիջեցինք միայն Չինաստանին

Այսօր մարմնամարզիկները Դոհայից վերադարձան Հայաստան: Քաթարի մայրաքաղաքում նրանք մասնակցեցին աշխարհի գավաթի խաղարկության փուլին եւ նվաճեցին մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ այս մրցաշարում իր համար մի քանի անակնկալներ են եղել: Նա գոհ է տղաների գրանցած արդյունքներից.

«Ես նախընտրում եմ քիչ խոսել և շատ անել: Մեծ անակնկալ էր, որ նժույգ թափերում Արթուր Դավթյանը մեդալ նվաճեց, իսկ ազատ վարժությունում 4-րդ տեղը զբաղեցրեց: Առաջիկայում` Եվրոպայի առաջնությանը, նա պետք է հանդես գա բոլոր գործիքների վրա, այդ պատճառով էլ այս մրցաշարում փորձեցինք նրա ուժերը: Դավթյանը շատ ուժեղ է հենացատկում և արդյունքը սպասելի էր: Սակայն չէինք պատկերացնում, որ մյուս վարժությունում ևս նա եզրափակիչ կանցնի:

Արթուր Թովմասյանը մեկ տարի բաց էր թողել վնասվածքի պատճառով: Այս մրցման ժամանակ ամենալավ կատարումը ցույց տվեց: Շատ գոհ եմ, որ վերականգնվելուց հետո նման արդյունք գրանցեց:

Մեդալներ ակնկալում էինք նաեւ Վահագն Դավթյանից եւ Հարություն Մերդինյանից: Դավթյանը միավորների շատ քիչ տարբերությամբ 4-րդ տեղը զբաղեցրեց, իսկ Մերդինյանի մոտ վնասվածքը զգացնել տվեց: Հարությունը նախադաստակի կոտրվածք ուներ, հետո մարզվեց մեկ ամիս: Բայց այդ բարդ վարժության համար շատ ժամանակ է հարկավոր:

Տղաները սպասվածից ավելի բարձր արդյունք գրանցեցին: Մեդալների քանակով Չինաստանից հետո երկրորդն ենք: Սա ևս անակնկալ էր»,- ասել է Հակոբ Սերոբյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում