Պատանի բադմինթոնիստները արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել

Հայ պատանի բադմինթոնիստները մարտի 23-25-ը Իսրայելում մասնակցեցին միջազգային մրցաշարի: Հայաստանը ներկայացրին Գայանե Մամաջանյանը (Մ15), Սվետլանա Բոյաջյանը (Մ15) եւ Էլեն Տիրատուրյանը (Մ13): Նրանք ուժերը փորձեցին երեք մրցաձեւում` աղջիկների մենախաղեր, աղջիկների զուգախաղեր և խառը զուգախաղեր:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը հայտնել է, որ հայ պատանիները նվաճեցին մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալներ:

Մենախաղերում հայ բադմինթոնիստները մրցանակային տեղերի համար պայքարել չկարողացան:

Մ15 տարեկանների խառը զուգախաղերում Տոբի Դիլինգհամ (Անգլիա) – Գայանե Մամաջանյան երկյակը պայքարն սկսեց 1/32 փուլից: Չորս անընդմեջ հաղթանակից հետո նոր կազմավորված երկյակը հասավ եզրափակիչ փուլ: Սակայն եզրափակչում հայ-անգլիական զույգը պարտվեց եւ արժանացավ արծաթե մեդալի:

Մ15 աղջիկների զուգախաղերում Գայանե Մամաջանյան – Սվետլանա Բոյաջյան զույգը պայքարն սկսեց 1/8 փուլից: Աղջիկները զբաղեցրին երրորդ հորիզոնականը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում