Արամ Ոսկանյան. Բարդ էր բաժանվել առաջին տեղում գտնվող թիմից

«Բանանցի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը պատասխանել է ակումբի պաշտոնական կայքի հարցերին:

-Բարի վերադարձ «Բանանց»: Ինչպե՞ս ստացվեց, որ կրկին գլխավորեցիք «Բանանցը»:

-Ես լավ հարաբերություններ էի պահպանել ակումբի ղեկավարության հետ: Միշտ կապի մեջ էինք և շփվում էինք: Ստացվեց առաջարկ «Բանանցից» և հաշվի առնելով այն, որ աշխատել եմ այս ակումբում մեծ փորձ եմ ձեռք բերել՝ նաև աշխատելով իսպանացի մասնագետների հետ, որոշում կայացրեցի տեղափոխվել «Բանանց»: Պետք է նշեմ, որ շատ դժվար որոշում էր, քանի որ «Ալաշկերտում» ինձ շատ լավ են վերաբերվել թե՛ ղեկավարությունը, թե՛ ֆուտբոլիստները: Շատ լավ կոլեկտիվ էինք ստեղծել: Կոնկրետ այս փուլի համար առաջին տեղ դուրս գալու խնդիր էր դրված և դա կատարել էինք: Գիտեմ, որ ֆուտբոլում մարզիչները հեռանում են հիմնականում վատ արդյունքների պատճառով, բայց լինում են նաև տեղափոխություններ այն ժամանակ, երբ ամեն ինչ լավ է ընթանում: Խոսեցի «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանի հետ: Բնականաբար մեծ դժվարությամբ, բայց նա ընդառաջեց ինձ՝ հասկանալով, որ «Բանանցն» ինձ համար շատ հոգեհարազատ թիմ է եղել:

-Մրցաշարային աղյուսակում «Բանանցի» գործերը հաջող չեն ընթանում: Այդ գործոնը չխանգարե՞ց որոշում կայացնելուց:

-Իհարկե, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ խնդիր ես լուծելու: Եթե ակումբից առաջարկ ես ստանում, հասկանում ես, թե արդյոք այդ խնդիրները իրատեսական են, նպատակային, թե հեռանկարային: Այդ մի քանի գործոնները հաշվի առնելով որոշում ես կայացնում: Բնականաբար, բարդ է բաժանվել առաջին տեղում գտնվող թիմից, առավել ևս որ շատ լավ մերվել էինք կոլեկտիվի հետ: Որոշում կայացնելը դժվարացնում էր նաև այն, որ երեք հաղթանակներից հետո չեմպիոնությունն ավելի իրատեսական էր դարձել: Չնայած նրան, որ որոշումը դժվար էր գտնում եմ, որ այս պահի համար ճիշտ քայլ եմ կատարել:

-Առաջին մարզումն անցկացրեցիք «Բանանց» վերադառնալուց հետո: Որքանո՞վ էր փոխվել թիմը ձեր հեռանալուց հետո:

-Ֆուտբոլիստները քանակով քիչ էին, քանի որ մի քանի հոգի վնասվածք ունի: Որքան շուտ ապաքինվեն, այնքան լավ: Կան ֆուտբոլիստներ, ովքեր չեն եղել մեր օրոք, բայց ես նրանց հեռակա ճանաչել եմ, քանի որ Հայաստանի առաջնության խաղացողներ են: Միայն սերբ հարձակվող Նենադ Ինայցն է, որ նոր է մեր առաջնությունում: Մոտակա երկու ամիսների ընթացքում կփորձենք առավելագույնս լավ արդյունք ապահովել և բարելավենք մեր դիրքը թե՛ առաջնությունում և թե՛ լավ հանդես գանք գավաթի խաղարկությունում:

-Արդյո՞ք կարող ենք նշել, որ առաջնայինը հենց Գավաթի խաղարկությունում հանդես գալն է դառնալու:

-Իհարկե, եթե իրատեսական գնահատենք իրավիճակը, Եվրոպա դուրս գալու ամենաիրական ճանապարհը գավաթի խաղարկության միջոցով է, քանի որ չորրորդ տեղի հետ միավորների տարբերությունը բավական մեծ է: Սակայն մինչև գավաթային խաղը` կա առաջնության երկու հանդիպում: Պետք է փորձենք հաջող անցկացնել այդ խաղերը՝ դրանով իսկ նախապատրաստվելով գավաթային հանդիպումներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում