Արթուր Միքայելյան. Առաջին օրը մեր դահուկավազորդները մինչև ծնկները ձյան մեջ էին

Հայ դահուկավազորդները մեկնել էին Ավստրիա` ուսումնամարզական հավաք անցկացնելու և միջազգային մրցաշարի մասնակցելու: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը զրույցել է դահուկավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի հետ, ով նշել է, որ մարզիկները լավ հանդես չեն եկել:

Մարզչի խոսքով` պատճառը եղանակային վատ պայմաններն էին.

«Ավստրիայում եղանակը շատ անբարենպաստ էր, ձնհալ էր և անձրև էր տեղում: Կարծես, գետի մեջ սահեին: Մեր դահուկավազորդները սովոր չեն, քանի որ նման պայմաններում մենք չենք մարզվում: Առաջին օրը մեր մարզիկները մինչև ծնկները ձյան մեջ սահեցին ու հիվանդացան: Որոշեցինք մրցաշրջանը շուտ ավարտել:

Այժմ նախապատրաստվում ենք 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին: Սերգեյ Միքայելյանն արդեն ուղեգիր ունի: Նոյեմբերից կմասնակցենք վարկանիշային մրցաշարերի: Կարծում եմ` Միքայել Միքայելյանն ու Թադևոս Պողոսյանը ևս ուղեգիր կնվաճեն, եթե չհիվանդանան եւ վնասվածք չստանան:

Ամռանը անվավոր դահուկավազքի աշխարհի առաջնությունն է, որտեղ նույնպես ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշեր են խաղարկվում: Սակայն դեռեւս չգիտեմ` կմասնակցենք առաջնությանը, թե` ոչ:

Ինչ վերաբերվում է կանանց` հույս չունեմ, որ նրանք կկարողանան ուղեգիր նվաճել: Նրանց արդյունքները լավը չեն»,- ասել Արթուր Միքայելյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում