Արամ Ոսկանյանի գործոնը. 6 ամիս անց «Բանանցը» հաղթեց (տեսագրություն)

Հայաստանի առաջնության 21-րդ տուրի շրջանակում կայացել է հետնապահների` «Բանանցի» ու «Արարատի» հանդիպումը:

Օրերս «Ալաշկերտից» «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնին անցած Արամ Ոսկանյանի սաները հաղթել են 2:1 հաշվով: Տանտերերը յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ են խփել․ երկու դեպքում էլ դա արել է հարձավող Նենքդ Ինյացը: Հատկանշական է, որ արարատցիները բաց թողած գնդակներում սարսափելի սխալներ են կատարել: Առաջին դեպքում սերբին գնդակը «նվիրել» և իր դարպասապահի դիմաց մեն-մենակ է դուրս բերել Յուրի Գարեգինյանը, իսկ երկրորդում` Ռաֆայել Սաֆարյանը:

81-րդ րոպեին Արկադի Անդրեասյանի թիմը մեկ գնդակ կրճատել է: Անդրանիկ Քոչարյանի գրագետ փոխանցումից հետո աչքի է ընկել փոխարինման մտած Գեղամ Թումբարյանը: Հետագա ժամանակահատվածում հյուրերը չեն կարողացել խուսափել պարտությունից:

Վերջին անգամ «Բանանցը» հաղթել էր 2016 թվականի սեպտեմբերի վերջին:

Այս հաղթանակի շնորհիվ Ոսկանյանի թիմը վաստակեց 19 միավոր և դեռ երկար ժամանակ կշարունակի զբաղեցնել 5-րդ հորիզոնականը: «Արարատը» 6 միավորով անհույս հետնապահ է:

Լուսանկարը` «Բանանցի» պաշտոնական կայքի

Հետևեք մեզ նաև Telegram-ում