Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի նոր կանոններով

Վաղվանից Խորվաթիայի Սպլիտ քաղաքում 41 երկրների 275 ծանրորդներ (տղամարդիկ և կանայք) կսկսեն պայքարը Եվրոպայի առաջնությունում, որում առաջին անգամ կիրառվելու են նոր կանոններ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվականից։

Կանանց պայքարում ավելացվել է նոր քաշային կարգ՝ մինչև 90 կիլոգրամ, որով վերացվել է նախկին՝ +75 կիլոգրամ գերծանր քաշային կարգում մասնակիցների անձնական քաշով պայմանավորված առավելությունը:

Երկրորդ փոփոխությունը տվյալ քաշային կարգում հավասար արդյունքի արձանագրումն է: Եթե նախկինում երկու և ավելի ծանրորդ առանձին վարժություններում և երկամարտում ցույց էր տալիս միևնույն կիլոգրամները, առավելությունը տրվում էր անձնական ավելի թեթև քաշ ունեցողին: Նոր կանոններով արդյունքը գրանցվելու է այն ծանրորդի անվան դիմաց, որն առաջինն է այն ֆիքսել: Այսպես ավելի է դժվարանում ու կարևորվում մարզիչների գործոնը, որոնցից պահանջվելու է ճիշտ գնահատել ծանրորդի հնարավորությունները և հաջորդ մոտեցման համար ճիշտ քաշ պատվիրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում