«Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» մարտական ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում․ ոչ ամենալավ ժամանակներն ապրող «Արսենալը» հյուրընկալեց «Մանչեսթեր Սիթիին»։ Թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով երկուական գոլ։

Հանդիպման հաշիվը բացվեց մեկնարկում․ 5-րդ րոպեին «զինագործների» չհամակարգված խաղից օգտվեց Լերոյ Սանեն։ 0։1 հաշիվը պահպանվեց մինչև 40-րդ րոպեն, երբ «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանները չկարողացան գնդակը նորմալ հեռացնել սեփական տուգանայինից․ արդյունքում Շկոդրան Մուստաֆիի գլխով կատարած փոխանցումից հետո Թեո Ուոլքոտը վերականգնեց հավասարությունը։

Դաշտի տերերի ուրախությունը երկար չտևեց․ 42-րդ րոպեին «Արսենալի» պաշտպանները կրկին աչքի ընկան անհամակարգված խաղով, իսկ Սերխիո Ագուերոն խփեց հյուրերի երկրորդ գնդակը։

Երկրորդ կեսում արձանագրվեց մեկ գոլ։ 53-րդ րոպեին Մուստաֆին անկյունայինից ստացած փոխանցումից հետո հաղթեց օդային պայքարում և ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ 2։2։

Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 58 միավոր (29 խաղ) և եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակը, իսկ «Արսենալը» 51 միավորով (28 խաղ) վեցերորդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 30-րդ տուր

«Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 2։2
Գոլերը՝ Ուոլքոտ 40՛, Մուստաֆի 53՛ – Սանե 5՛, Ագուերո 42՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում