Պատանի նետաձիգները պայքարելու են Oլիմպիական խաղերի վարկանիշի համար

Բանակի կենտրոնական մարզական ակումբում կայացած նետաձգության Հայաստանի առաջնությունում, որն անցկացվեց բացօթյա, 70+70 մետր մրցաձևում, տղաներից հաղթող դարձավ Սամվել Խաչատրյանը, աղջիկներից՝ Հայկուհի Մարգարյանը: Նետաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանն ասել է, որ հիմա իրենք պատրաստվում են մրցաշրջան 2017-ի պատասխանատու մեկնարկներին,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Արդեն այս ամսվա 16-ին Սամվել Խաչատրյանը, Լեւոն Պողոսյանը եւ Արման Բալդրյանը Հունաստանի Մարաթոն քաղաքում մասնակցելու են Եվրոպայի երիտասարդների եւ պատանիների գավաթի 1-ին փուլին: Սամվելը հանդես է գալու երիտասարդների մեջ, Լեւոնն ու Արմանը՝ պատանիների.

«Այս երկու պատանիները նախապատրաստվում են հոկտեմբերին Արգենտինայում կայանալիք աշխարհի պատանիների առաջնությանը, որը նաև 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է: Երեք նետաձիգներն էլ Հունաստանից կմեկնեն Լեհաստան՝ մասնակցելու Եվրոպայի մեծահասակների գավաթի 1-ին փուլին:

Այնուհետև, մայիսին կկայանա Հայաստանի ֆեդերացիայի գավաթը, որից հետո կորոշվի, թե ովքեր կմեկնեն հունիսին Անթալիայում կայանալիք մեծահասակների աշխարհի գավաթի խաղարկություն», – ասել է Վասիլյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում