Արտակ Օսեյան. Իմ բացակայությունը չի կարող էական լինել

Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց «Ալաշկերտին»: Տանտերերի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը լրագրողների հետ հետխաղյա զրույցում ամփոփեց հանդիպումն ու խոսեց Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի ելույթների մասին։ Հիշեցնենք, որ վերջինս Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016-2017թթ. առաջնության Էլիտ-ռաունդի երեք հանդիպումների արդյունքում մրցակիցներին զիջել է ընդհանուր 1:21 հաշվով:

«Ալաշկերտի» դեմ մրցավեճն Օսեյանը երկու մասի բաժանեց․

«Չափազանց տարբեր խաղակեսեր անցկացրեցինք: Առաջինում հավասար խաղ էր, նույնիսկ, կարելի է ասել, տարածքային առավելություն ունեինք: Երկրորդ կեսն ահավոր էր, լիովին ձախողվեցինք: Այդ պատճառով նման արդյունք գրանցվեց։ Պաշտպանությունում» անատամ էինք, գնդակ չէինք խլում: Հարձակման ժամանակ դանդաղ էինք գործում, շարժումը լավ չէր, սրություն չկար: Դեռ պետք է վերլուծություն կատարենք, որ հասկանանք նման անհաջող խաղի պատճառները»:

Օսեյանը վերջին ամսվա ընթացքում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի դերում մասնակցել է Եվրոպայի առաջնության էլիտ-ռաունդին, ապա նրա ղեկավարած 19 տարեկանների ընտրանին ուսումնամարզական հավաք և ընկերական հանդիպումներ է անցկացրել: Sport.Times.am-ը երիտասարդ մարզչին հարցրեց՝ արդյո՞ք հավաքականներում աշխատանքը չի խանգարում «Փյունիկում» աշխատանքին։

«Ոչ, չեմ կարծում: Մենք մարզչական շտաբ ունենք, որը համապատասխան աշխատանքներ է կատարում, ուստի իմ բացակայությունն այդքան էական չի կարող լինել»,- պատասխանեց մարզիչը։

Մինչև 17 տարեկանների հավաքականի տապալված ելույթի պատճառների մասին Օսեյանն առանձնացրեց հետևյալը.

«Նախ ֆուտբոլիստների մակարդակների տարբերությունը մեծ էր: Պատճառներից էին նաև մեր խաղացողների բարդույթները: Կազմակերպչական, թիմային մակարդակի ու անհատական որակների առումով ահավոր զիջում էինք այդ թիմերին (Գերմանիա, Թուրքիա, Ֆինլանդիա-խմբ.)»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում