Նենադովիչ. Հայկական ֆուտբոլում ամենաշատ ազատ տարածությունները կենտրոնում են

«Ալաշկերտի» նորեկ Ուրոշ Նենադովիչը ձմռանն է տեղափոխվել երևանյան թիմ, սակայն արդեն թիմի հարձակման գծի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկն է դարձել: «Փյունիկի» դեմ 22-րդ տուրի մրցավեճում (3:0) վինգերը խաղում էր կենտրոնական հարձակվողի դիրքում և կարողացավ անհատական վարպետության շնորհիվ գեղեցիկ գոլ խփել: Հանդիպումից հետո սերբ խաղացողը հարցազրույց տվեց Sport.Times.am-ին ու «Ֆուտբոլ +»-ին:

-Շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: «Փյունիկի» հետ հանդիպումը ինչպիսի՞ն էր Ձեր թիմի համար համար:

-Շնորհակալ եմ շնորհավորանքների համար։ Կարծում եմ` այս հաղթանակը շատ կարևոր էր, որովհետև նախորդ խաղում պարտվել էինք «Գանձասար-Կապանին»։ Lավ է, որ արտագնա մրցավեճում կարողացանք 3 միավոր վաստակել։ «Փյունիկը» շատ լավ թիմ է։ Առաջին գոլը խփեցինք ճիշտ ժամանակին, ինչի շնորհիվ երկրորդ կեսում ավելի հեշտ էր։ Այո, «Փյունիկն» ուզում էր գոլ խփել, առաջ էր գնում և դաշտի կենտրոնում շատ տարածություններ էին առաջանում։ Մենք էլ ավելի շատ հնարավորություններ էինք ունենում։ Աստծո կամոք, երկրորդ կեսում կարողացանք ևս երկու գոլ խփել։ Մենք պետք է այսկերպ շարունակենք։

-Նախորդ հանդիպումներում գործում էիք եզրերում, իսկ այսօր հանդես էիք գալիս, որպես կենտրոնական հարձակվող: Ի՞նչ կասեք այդ փոփոխության մասին։

-Այդ հարցը պետք է մարզչին տաք, որովհետև նա է ասում, թե որտեղ պետք է խաղամ։ Ես կարող եմ խաղալ և՛ աջից, և՛ ձախից, և՛ որպես կենտրոնական հարձակվող։ 9 համարի դիրքում խաղացել եմ Սերբիայի երիտասարդական հավաքականում։ Այնպես որ՝ դիրքային փոփոխություններն ինձ համար խնդիր չեն։ Ամենակարևորը հաղթանակն է։

-Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշեց, որ ավելի նախընտրելի է, որ դուք խաղաք կենտրոնական հարձակվողի դիրքում, քան թե եզրից: Համաձա՞յն եք նրա հետ:

-Հայկական ֆուտբոլում ամենաշատ ազատ տարածությունները լինում են կենտրոնում, եզրերում միշտ երկու ֆուտբոլիստներ կան, ովքեր հսկում են ինձ։ Իսկ ահա կենտրոնում, երբ գնդակն ինձ մոտ է և շարժվում եմ առաջ, ընդամենը մեկ պաշտպան է դիմավորում։ Հավանաբար, ավելի նախընտրելի է խաղալ հենց կենտրոնական հարձակվողի դիրքում։

-Աբրահամ Խաշմանյանը Ձեզ համար նոր մարզիչ է: Այս կարճ ժամանակահատվածում նրա հետ աշխատանքն ինչպսի՞ն էր։

-Տարբերությունները շատ են։ Արամ Ոսկանյանին նման չէ։ Նա ուզում է, որ խաղանք շատ ագրեսիվ, պայքարենք ամեն գնդակի համար։ Այսօրվա մրցավեճի նման, մենք խաղացինք այնպես, որ մրցակիցը հնարավորություն չունեցավ գոլ խփելու։ Հույս ունեմ, որ մարզիչը գոհ է, թե մենք ինչպես հանդես եկանք։

-Ինչպե՞ս արձագանքեցիք այն փաստին, որ Արամ Ոսկանյանը լքեց «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Ձեր կարիերայում երբևէ հանդիպե՞լ եք նման դեպք, երբ առաջին տեղով ընթացող թիմի մարզիչն իր ցանկությամբ լքել է ակումբը։

-Դա մեր՝ ֆուտբոլիստներիս որոշելիքը չէ։ Հավանաբար գնացել է, որովհետև նրան ավելի լավ պայմաններ են առաջարկել։ Սա ֆուտբոլ է, եթե քեզ բարձր աշխատավարձ են առաջարկում, ինչո՞ւ չգնալ։ Չեմ ցանկանում մեկնաբանություն տալ այդ կապակցությամբ, որովհետև այդ դիրքը ես չունեմ ակումբում։

-Մեկ ամսից ավելի է՝ Հայաստանում եք: Արդեն ադապտացվե՞լ եք։

-Ամբողջությամբ հարմարվել եմ։ Հայերը սերբերին նման են, ունեն նույն մտածելակերպը։ Ինձ համար շատ հեշտ էր հարմարվելը։ Արդեն սիրում եմ Երևանը, մարդկանց։ Հույս ունեմ, որ ամեն ինչ այսպես կշարունակվի։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում