Այն ամենը, ինչ պետք է իմանալ «Յուվենտուս» – «Բարսելոնա» խաղից առաջ

Այն ամենը, ինչ պետք է իմանալ «Յուվենտուս» – «Բարսելոնա» խաղից առաջ

«Բարսելոնան» պատմական քամբեքի շնորհիվ ռեկորդային՝ 10-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ: Նոր մրցակիցը «Յուվենտուսն» է, որին 2015-ին եզրափակչում կատալոնացիները հաղթել են։ Այսօր կայանալիք  «Յուվենտուս» – «Բարսելոնա» առաջին խաղին ընդառաջ՝ ներկայացնում ենք դիմակայությանն առնչվող ուշագրավ փաստեր և վիճակագրություն։

Նախորդ հանդիպումները 

«Բարսելոնա» – «Յուվենտուս» 7-րդ ու ամենաթարմ հանդիպումը տեղի է ունեցել 2015 թվականին, Չեմպիոնների լիգայի բեռլինյան երափակչում։ «Բարսելոնան» հաղթեց 3:1 հաշվով և 5-րդ անգամ նվաճեց գավաթը: Արդեն 4-րդ րոպեին Իվան Ռակիտիչը գոլ խփեց Լուիս Էնրիկեի թիմի համար: 55-րդ րոպեին Ալվարո Մորատան վերականգնեց հաշվի հավասարությունը, բայց Լուիս Սուարեսը (68՛) և Նեյմարը (90+7՛) կատալոնական թիմին օգնեցին 10 տարվա ընթացքում 4-րդ գավաթը նվաճել:

2015-ի հունիսի 6-ին թիմերը հետևյալ կազմերով խաղացին «Օլիմպիաշտադիոնում».

«Յուվենտուս». Բուֆֆոն – Լիխտշտայներ, Բարձալի, Բոնուչի, Էվրա (Կոման 89′), Մարկիզիո, Պիրլո, Պոգբա, Վիդալ (Պերեյրա 79′), Մորատա (Լյորենտե 85′), Տևես:

«Բարսելոնա». Մարկ-Անդրե տեր Շտեգեն – Ալվես, Պիկե, Մասկերանո, Ալբա, Բուսկետս, Ռակիտիչ (Մաթյո 90+1՛), Ինյեստա (Չավի Էրնանդես 78՛), Մեսսի, Սուարես (Պեդրո 90+6՛), Նեյմար:

«Յուվենտուսի» դեմ այդ հաղթանակը երրորդն էր «Բարսելոնայի» համար, առաջինը՝ 1991 թվականից հետո: Այդ ժամանակ Յոհան Կրույֆի թիմն առավելության էր հասել Ջիջի Մայֆրեդի սաների նկատմամբ (3:1) Գավաթակիրների գավաթի առաջին կիսաեզրափակչում: Կատալոնացիների կազմում աչքի էին ընկել Խրիստո Ստոիչկովը (56՛, 60՛) և Գոյկոեչեան (76՛), իսկ հաշիվը 12-րդ րոպեին բացել էր Պյերլուիջի Կազիրագին: Ռոբերտո Բաջոյի 61-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ «Յուվենտուսը» նվազագույն հաշվով առավելության է հասել պատասխան խաղում, բայց եզրափակչի համար ավելին էր հարկավոր:

Եվրոպայում դա թիմերի երկրորդ երկխաղյա դիմակայությունն էր: Առաջինը տեղի էր ունեցել Չեմպիոնների գավաթի 1985-86թթ. խաղարկությունում, երբ կրկին հաղթել էր «Բարսելոնան»։ «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գնդակը խփել է Խուլիո Ալբերտո Մորենոն: Թուրինում տեղի ունեցած պատասխան խաղում կապտանռնագույններին առաջ է մղել Սթիվ Արչիբալդը: 44-րդ րոպեին Միշել Պլատինին հավասարեցրել է հաշիվը, բայց ավելին թուրինցիները չեն արել։

«Բարսելոնայի» այսօրվա մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի 2002-03թթ. խաղարկությունում «Յուվենտուսի» դեմ երկու խաղում էլ դաշտում է եղել: Դա միակ դիմակայությունն է, որը «Յուվենտուսն» է հաղթել: Թուրինում առաջին հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Պաոլո Մոնտերոյի գոլին (16՛) հյուրերից պատասխանեց Խավյեր Սավիոլան (78՛):

Երկրորդ խաղի 66-րդ րոպեին Չավի Էրնանդեսը, պատասխանելով Պավել Նեդվեդի գոլին (53՛), խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ: «Յուվենտուսը» 79-րդ րոպեին Էդգար Դավիդսի խաղադաշտից հեռացվելու պատճառով հանդիպումը 10 հոգով ավարտեց: Թվում էր, թե 11-մետրանոց հարվածաշարն անխուսափելի է, բայց 114-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Մարսելո Սալայետան խփեց վճռորոշ գնդակն և կիսաեզրափակչի ուղեգիր նվիրեց «Յուվենտուսին»: 

Վիճակագրական տվյալներ

  • «Յուվենտուսը» 17-րդ անգամ կխաղա եվրագավաթի 1/4 եզրափակչում (հաղթանակ՝ 11 պարտություն՝ 5): 
  • Թուրինցիները եվրագավաթների շրջանակում արդեն 21 խաղ է՝ սեփական դաշտում չեն պարտվում (հաղթանակ՝ 12, ոչ-ոքի՝ 9): Եվրոպական արենայում «Յուվենտուսը» սեփական դաշտում վերջին անգամ պարտվել է 2013 թվականի ապրիլին, «Բավարիայի» դեմ խաղում (0:2):
  • «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում սեփական դաշտում անցկացրած 4 խաղերից 2-ում հաղթել է: Վերջինը 1/8 եզրափակչում «Պորտուի» դեմ հանդիպումն էր: Մասիմիլիանո Ալեգրիի թիմը նվազագույն հաշվով առավելության հասավ արտագնա խաղում 2:0 հաշվից հետո: 
  • Իսպանիայի առաջնությունը ներկայացնող թիմերի հետ երկխաղյա դիմակայություններում «Յուվենտուսի» վիճակագրությունն այսպիսին է՝ հաղթանակ՝ 8, պարտություն՝ 6։

  • «Յուվենտուսն» այս մրցաշրջանում արդեն հանդիպել է իսպանական թիմի հետ: Խմբային փուլում թուրինցիների հակառակորդն էր «Սևիլյան»: Առաջին տուրում թիմերը հաղթողին չորոշեցին (0:0), իսկ Իսպանիայում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց «Յուվեի» հաղթանակով՝ 3:1: 
  • Իսպանիան ներկայացնող թիմերի դեմ սեփական հարկի տակ անցկացրած խաղերում «Յուվետուսի» վիճակագրությունը․ հաղթանակ՝ 14, ոչ-ոքի՝ 8, պարտություն՝ 2։

  • «Բարելոնան» ռեկորդային՝ 10-րդ անգամ անընդմեջ հասել է 1/4 եզրափակիչ: Այս փուլում կատալոնացիները 18 դիմակայություններից 14-ում հաղթել են: Չորս պարտություններից երկուսը գրանցվել է վերջին 3 մրցաշրջաններում, ի դեպ 2 անգամն էլ կատալոնացիներն «Ատլետիկոյին» են պարտվել: 2014-ին մադրիդյան թիմին պարտվելուց առաջ «Բարսելոնան» 11 տարի շարունակ չէր պարտվում 1/4 եզրափակչում. վերջինը 2003-ին «Յուվենտուսից» կրած պարտությունն էր:
  • 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» հաղթեց «Պարի Սեն Ժերմենին» (6:1) և դարձավ առաջինը, որ եվրագավաթի շրջանակներում կարողացավ հաջորդ փուլ անցնել առաջին խաղում 4 գնդակի տարբերությամբ պարտվելուց հետո: Նախորդ ռեկորդը «Դեպորտիվոյին» էր պատկանում, որը Չեմպիոնների լիգայի 2003-04թթ. խաղարկության 1/4 եզրափակչում «Միլանին» 4 անպատասխան գնդակ խփեց արտագնա խաղի 1:4 հաշվով պարտությունից հետո:
  • «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի վերջին 3 արտագնա խաղերից 2-ում պարտվել է. Դրանց թվում է նաև ՊՍԺ-ի հետ հանդիպումը, որտեղ կատալոնացիները 4 գնդակ բաց թողեցին: Կապտանռնագույնները մրցաշարի արտագնա վերջին 10 խաղերից ընդամենը 4-ում են հաղթել, 4-ում էլ պարտվել են:

  • Իտալական թիմերի դեմ երկխաղյա դիմակայություններում «Բարսելոնայի» վիճակագրությունը՝  հաղթանակ՝ 8, պարտություն՝ 3:
  • «Բարսելոնան» Իտալիայում անցկացրած վերջին խաղում ոչ-ոքի է գրանցել. կատալոնացիները միավորով փոխանակվեցին «Ռոմայի» հետ (1:1) նախորդ մրցաշրջանի խմբային փուլում: Ա Սերիայի ներկայացուցիչների դեմ արտագնա խաղերում «Բարսելոնայի» վիճակագրությունը՝ հաղթանակ՝ 6, ոչ-ոքի՝ 9, պարտություն՝ 5:

Թիմերի միջև կապը

  • 2015 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչի պարտությունից բացի Ալեգրին «Բարսելոնային» երկու մրցաշրջան աընընդմեջ պարտվել է «Միլանի» մարզչի կարգավիճակում․ 2011-12թթ. մրցաշրջանի 1/4 եզրափակչում (ընդհանուր՝ 1:3) և 2012-13թթ. մրցաշրջանի 1/8 եզրափակչում (ընդհանուր՝ 2:4): Կատալոնական թիմի դեմ խաղերում Ալեգրիի վիճակագրությունը․ հաղթանակ՝ 1, ոչ-ոքի՝ 3, պարտություն՝ 5:
  • 2011-12թթ․ մրցաշրջանում Լուիս Էնրիկեն գլխավորում էր «Ռոման» և 3 անգամ հանդիպել է «Յուվետուսին»: Ա Սերիայի շրջանակներում հռոմեացիները սեփական դաշտում 1:1 խաղացին, արտագնա խաղում պարտվեցին 0:4 հաշվով: Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Ռոման» 0:3 հաշվով պարտվեց «Յուվենտուսին»:
  • Դանի Ալվեսը 2008-2016թթ. խաղացել է «Բարսելոնայի» կազմում և 3 անգամ դարձել Չեմպիոնների լիգայի գավաթակիր: 2009-ի եզրափակիչը նա բաց թողեց որակազրկման պատճառով, բայց մասնակցեց 2011 և 2015 թվականների վճռորոշ խաղերին: 

Իսպանիայում խաղացել են նաև՝

  • Մարիո Մանջուկիչը («Ատլետիկո», 2014-15թթ․)
  • Սամի Խեդիրան («Ռեալ», 2010-2015թթ․)
  • Գոնսալո Իգուայինը («Ռեալ», 2007-13թթ)

Խեդիրան 2012 թվականին «Կամպ Նոուում» կայացած Կլասիկոյում «Ռեալի» կազմում գոլի հեղինակ դարձավ, այդ խաղում մադրիդցիները հաղթեցին 2:1 հաշվով: Սա Խեդիրայի՝ «Բարսելոնայի» դեմ «Ռեալի» ու «Շտուտգարտի» կազմերում անցկացրած 18 խաղերում դեռևս միակն գնդակն է։

«Ռեալի» հարձակվող լինելու տարիներին Իգուայինը «Բարսելոնայի» դեմ 18 խաղի է մասնակցել ու 3 գնդակ խփել:

Մանջուկիչը գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության 2015թ. հունվարի 11-ի խաղում, երբ նրա «Ատլետիկոն» 1:3 հաշվով պարտվել է «Բարսելոնային»:

Լյուկա Դինը խաղացել է Իտալիայի առաջնությունում։ 2015-16թթ. հանդես գալով «Ռոմայում»՝ նա 33 խաղում 3 գնդակ է խփել: Իտալիայում ֆրանսիացին խաղացել է այսօր «Յուվենտուսում» հանդես եկող Միրալեմ Պյանիչի հետ:

Միասին են խաղացել նաև՝ 

  • Նեյմարը և Ալեքս Սանդրոն («Սանթոս», 2010-11թթ․)
  • Խավյեր Մասկերանոն և Գոնսալո Իգուայինը («Ռիվեր Փլեյթ», 2004-05թթ․)
  • Արդա Թուրանը և Մարիո Մանջուկիչը («Ատլետիկո», 2014-15թթ․):

Հավաքականի թիմակիցներ են՝

  • Մարկ-Անդրե տեր Շտեգեն և Սամի Խեդիրա (Գերմանիա)
  • Լիոնել Մեսսի, Խավյեր Մասկերանո ր Գոնսալո Իգուային, Պաուլո Դիբալա (Արգենտինա)
  • Դանի Ալվես, Ալեքս Սանդրո և Նեյմար, Ռաֆինյա (Բրազիլիա)
  • Իվան Ռակիտիչ և Մարիո Մանջուկիչ, Մարկո Պյացա ( Խորվաթիա): 

 

Վիճակագրական տվյալները՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում