NBA-ի փլեյ-օֆֆը մեկնարկեց. «Կլիվլենդի» ծանրագույն հաղթանակը, այլ արդյունքներ (տեսանյութ)

NBA-ի փլեյ-օֆֆը մեկնարկեց. «Կլիվլենդի» ծանրագույն հաղթանակը, այլ արդյունքներ (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) մեկնարկել է փլեյ-օֆֆ փուլը։

Գործող չեմպիոն «Կլիվլենդը» սեփական հարկի տակ ընդունել է «Ինդիանային» և 109:108 հաշվով դժվարին հաղթանակ տարել: Երկրորդ, երրորդ քառորդների ու չորրորդի սկզբնամասում «Կավալերսը» հաշվի մեջ առաջ է եղել, սակայն մրցակիցն թույլ է տվել այն նվազագույնի հասցնել: Որոշիչ է դարձել վերջին վայրկյանին «Փեյսերսի» բասկետբոլիստ Սի Ջեյ Մայլզի անհաջող նետումը, որը կարող էր հյուրերին հաղթանակ պարգևել:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Լեբրոն Ջեյմսը: Նա 32 միավոր է վաստակել ու 13 արդյունավետ փոխանցում կատարել: «Ինդիանայի» առաջատար Փոլ Ջորջը հավաքել է 29 միավոր:

Եվս երեք դիմակայություններում կայացել են առաջին հանդիպումները.

«Սան Անտոնիոն» սեփական հարկի տակ 111:88 հաշվով ջախջախել է «Մեմֆիսին», «Միլուոկին» հյուրընկալվելիս 97:83 հաշվով պարտության է մատնել «Տորոնտոյին», իսկ «Յուտան» 97:95 հաշվով` «Կլիպերսին»:

«Ջազն» առաջին րոպեներին վնասվածքի պատճառով կորցրել է կենտրոնական Ռուդի Գոբերին, սակայն հավասար պայքար է մղել կալիֆորնիացիների հետ, իսկ վերջին վայրկյանին Ջո Ջոնսոնի նետման շնորհիվ հաղթանակ կորզել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում