Օսեյան. Պայքարելու ենք, քանի դեռ չեմպիոնության հնարավորություն կա

Օսեյան.  Պայքարելու ենք, քանի դեռ չեմպիոնության հնարավորություն կա

Հայաստանի առաջնության 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Գանձասար-Կապանին»: Հանդիպումից հետո երևանցիների գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հետևյալ կերպ մեկնաբանեց պարտությունը:

«Ցավալի պարտություն կրեցինք: Կարծում եմ` մրցակիցն այսօր ավելի արդյունավետ էր հարձակման գծում: Դա էլ դարձավ պարտության հետևանքը»,- նշեց երիտասարդ մասնագետը։

Կարծիք հնչեց, որ բաց թողած գոլերում երևանցիներն անհատական սխալներ թույլ տվեցին:

«Առաջին գոլը գրանցվեց այն ժամանակ, երբ մրցակցի դարպասի մոտ ստանդարտ իրավիճակ էր, մեր կենտրոնական պաշտպանները միացել էին գրոհին: Գնդակը կորցրեցինք և արագ հակագրոհ հետևեց: Չէր կարելի նման կորուստ թույլ տալ: Երկրորդ գնդակի ժամանակ մեր աջ կենտրոնական պաշտպանը վնասվածք էր ստացել, այդ գոտում թվաքանակով քիչ էինք մնացել, նրանք էլ արագ խաղարկեցին ու 11-մետրանոց վաստակեցին: Բաց թողած գոլերն անհատական սխալների հետ չեմ կապում»,- ասաց Օսեյանը։

«Փյունիկը» վերջին 8 օրվա ընթացքում 3 հանդիպում է անցկացրել, որոնցում մեկնարկային կազմում նվազագույն փոփոխություններ են կատարվել: Պարտության մեջ այդ գործոնի ազդեցության վերաբերյալ 29-ամյա մասնագետը նշեց.

«Ռոտացիան մեզ համար ծանր հարց է: Ֆուտբոլիստների մեծ ընտրություն չունենք»:

Մեկնարկային հաջող շրջանից հետո «Ռուբինից» տեղափոխված կիսապաշտպան Գևորգ Հարությունյանը նախկինի պես լավ տպավորություն չի թողնում: Երևանցիների մարզիչը խոսեց նաև այդ մասին․

«Ճիշտ եք նկատել: Վերջին երեք խաղում Գևորգն իր մակարդակի վրա չէ: Այս պահին պատասխան չունեմ, թե ինչու է այդպես: Նա պրոֆեսիոնալ է: Մարզումների ժամանակ անմնացորդ նվիրվում է: Նրա, ինչպես նաև ամբողջ թիմի մոտ, ինչ-որ բան չի ստացվում»:

«Փյունիկը» Բարձրագույն խմբի երկու առաջատարներից («Ալաշկերտ», «Գանձասար-Կապան») արդեն 9 միավորով հետ է մնում: Չեմպիոնական պայքարից դուրս մնալու հարցի շուրջ Օսեյանը հետևյալ տեսակետն ունի:

«Քանի դեռ առաջին տեղը գրավելու տեսական հնարավորություններ կան, մենք կպայքարենք: Ամեն մրցավեճում խաղադաշտ դուրս կգանք հաղթանակի համար: Միայն դրանից հետո կհաշվենք միավորները»:

Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Փյունիկը» 36 միավոր է վաստակել, որոնցից 18-ական սեփական ու մրցակցի հարկերի տակ: Sport.Times.am-ն Օսեյանին հարցրեց, թե սեփական խաղադաշտում առավելություն չունենալուն, բայց արտագնա հանդիպումներում արդյունք ցույց տալուն ինչպես է վերաբերվում:

«Ճիշտն ասած, այդքան էական չէ՝ տա՞նն ես խաղում, թե դրսում։ Գյումրիից բացի բոլոր հանդիպումները Երևանում են: Կարծում եմ` մեր ֆուտբոլիստների համար էլ տարբերություն չկա որտեղ ենք խաղում»:

 Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում