Ռաֆայել Ղազարյան. Այսքան ճանապարհ անցնելուց հետո ցանկանում ենք չեմպիոն դառնալ

Ռաֆայել Ղազարյան. Այսքան ճանապարհ անցնելուց հետո ցանկանում ենք չեմպիոն դառնալ

«Գանձասար-Կապանի» եզրային կիսապաշտպան Ռաֆայել Ղազարյանը ձմռանն է միացել թիմին: Նա դեռ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ չի համարվում, սակայն երբ անհրաժեշտ է լինում թիմի խաղում փոփոխություն մտցնել, գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանի ամենահաճախ օգտագործվող փոխարինումներից մեկը հենց 26-ամյա ֆուտբոլիստին խաղադաշտ դուրս բերելն է:

Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի՝ «Փյունիկ» – «Գանձասար-Կապան» հանդիպումից (1:2) հետո Sport.Times.am-ը զրուցել է Ղազարյանի հետ, ով այդ մրցավեճում փոխարինման մտավ:

-Ինչպիսի՞ն էր «Փյունիկի» հետ հանդիպումը:

-Այն բավականին հետաքրքիր պայքարում անցավ: Օգտագործեցինք մեր պահերը և կարևոր հաղթանակ տարանք: Շարունակում ենք առաջին տեղի համար պայքարը:

-Փոխարինման մտնելուց առաջ մարզիչը Ձեզ ի՞նչ էր հանձնարարել:

-Ասաց պահել խաղի տեմպը, ավելացնել այն: Կարծում եմ` հաջողվեց կատարել այդ առաջադրանքները։

-Անձամբ Ձեր խաղն ինչպե՞ս եք գնահատում:

-Թիմին օգուտ տվեցի: Կարծում եմ` արժանիորեն փոխարինեցի խաղադաշտում իր տեղը զիջած ֆուտբոլիստին:

-Առաջնությունը մոտենում է ավարտին, իսկ «Գանձասար-Կապանը» կիսում է առաջին տեղը: Նման իրավիճակում չեմպիոնությունից բացի այլ տարբերակ դիտարկո՞ւմ եք:

-Ոչ միայն առաջնությունում, այլև Գավաթում ենք մինչև վերջ պայքարելու: Առաջին խաղում պարտվել ենք «Շիրակին», բայց ամեն ինչ դեռ առջևում է: Գյումրիում խաղադաշտ ենք դուրս գալու հաղթանակ տանելու համար: Ինչ վերաբերվում է առաջնությանը, ապա այսքան ճանապարհ անցնելուց հետո ցանկանում ենք չեմպիոն դառնալ: Մեր ամբողջ թիմի նպատակը դա է:

-Չեմպիոն չդառնալն անհաջողությո՞ւն կհամարվի:

-Այդ մասին չենք մտածում: Մեր մտքերն ուղղված են դեպի վերջնական հաղթանակը:

-Մի քանի ամիս է, ինչ տեղափոխվել եք «Գանձասար-Կապան»: Ինչպե՞ս եք հարմարվել թիմին:

-Տղաներից մեծ մասին ծանոթ էի, շատերի հետ նախկինում խաղացել ենք: Նույնիսկ թիմի մարզիչների գլխավորությամբ եմ նախկինում աշխատել: Ընդամենը մի քանի օր պահանջվեց թիմին մերվելու համար:

-Իսկ թիմի խաղի՞ն: «Գանձասարը» եզրային ֆուտբոլին մեծ նշանակություն է տալիս, իսկ դուք հենց եզրային կիսապաշտպան եք…

-Կարելի է ասել՝ արդեն լիովին հարմարվել եմ: Ինձ հոգեհարազատ է եզրային խաղի վրա շեշտ դրվող ֆուտբոլը: Օգնում է նաև այն հանգամանքը, որ իմ նախընտրած ոճով ենք գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում