Ալվես․ Տեսեք՝ «Բարսելոնան» ինչպես վարվեց ինձ հետ

Ալվես․ Տեսեք՝ «Բարսելոնան» ինչպես վարվեց ինձ հետ

«Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեսը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Բարսելոնայի» հետ արտագնա հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Ալվեսին հարցել են, թե նա ի՞նչ է մտածում Լիոնել Մեսսիի և Անդրես Ինյեստայի՝ կատալոնական ակումբի հետ պայմանագրերը երկարաձգելու վերաբերյալ։ 33-ամյա բրազիլացին տվել է հետևյալ պատասխանը․

-Ես հույս ունեմ, որ Մեսսիի և Ինյեստայի պայմանագրերը կերկարաձգեն, բայց տեսեք՝ «Բարսելոնան» ինչպես վարվեց ինձ հետ․․․ Եթե որոշողը ես լինեի, Մեսսիի և Ինյեստայի արձանը կկանգնեցնեի «Կամպ Նոուում»։ Խոսքը «Բարսելոնայի» և համաշխարհային ֆուտբոլի լեգենդների մասին է, իսկ լեգենդներին պետք է առաջնահերթ գնահատել և նրանց հետ համապատասխան ձևով վարվել,- Ալվեսի խոսքը մեջբերված է «Sport.es»-ից։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո Դանի Ալվեսը կատալոնական ակումբի ղեկավարության հետ չկարողացավ համաձայնության գալ նոր պայմանագիր կնքելու շուրջ և տեղափոխվեց «Յուվենտուս»։

Լիոնել Մեսսիի և Անդրես Ինյեստայի՝ «Բարսելոնայի» հետ գործող պայմանագրերի ժամեկտը լրանալու է 2018 թվականի ամռանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում